Առևտրային նավերը կրկին ակտիվորեն անցնում են Հորմուզի նեղուցով՝ նախընտրելով Օմանի ափամերձ երթուղին

Հորմուզի նեղուցով վերջին շրջանում առաջին անգամ առնվազն հինգ առևտրային նավերից բաղկացած քարավան է անցել՝ շարժվելով Օմանի ափերի երկայնքով։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով MarineTraffic-ի տվյալներին։

Քարավանի կազմում եղել են հեղուկացված բնական գազ տեղափոխող երեք տանկեր, մեկ նավթատար և մեկ բեռնարկղային նավ։ Հեռուստաալիքի գնահատմամբ՝ սա կարող է վկայել տարածաշրջանում վերջին լարվածությունից հետո առևտրային նավագնացության աստիճանական վերականգնման մասին։

MarineTraffic-ի տվյալներով՝ ավելի ու ավելի շատ նավեր նախընտրում են Օմանի ափամերձ երթուղին՝ նվազեցնելով Իրանի տարածքային ջրերին մոտ անցնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ որոշ նավեր, այդ թվում՝ չինական բալկերը և քիմիական նյութեր տեղափոխող տանկերը, շարունակում են օգտագործել Իրանի ափերին ավելի մոտ գտնվող երթուղին։

Նախորդ օրը ևս մի քանի նավ փորձել էին անցնել Հորմուզի նեղուցով, սակայն դրանցից մի մասը ստիպված էր շրջադարձ կատարել։ Ավելի ուշ ութ նավերից միայն չորսին հաջողվել էր ավարտել անցումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment