Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Պատերազմներն այլևս չեն սահմանափակվում մարտադաշտերի ֆիզիկական սահմաններով, այլ վարվում են նարատիվների միջոցով, թվային պլատֆորմների միջոցով և հասարակական կարծիքի կառավարումով»: Այս հայտարարության հեղինակը Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ղեկավար Բուրհանեթթին Դուրանն է, որը ելույթ է ունեցել Դոհայում Ալ Ջազիրայի կազմակերպած ամենամյա ֆորումի ընթացքում:
Խիստ հատկանշական է, որ հայտարարության հեղինակը հենց Թուրքիայի պաշտոնյա է: Պարզապես պետք է այս հայտարարության ներքո դիտարկել այն, ինչ այսօր Հայաստանի հանդեպ իրականացնում են Թուրքիան և «կրտսեր եղբայրը»՝ Ադրբեջանը:
Ըստ էության, նրանք Հայաստանի դեմ պատերազմը տեղափոխել են հենց նարատիվների դաշտ, հասարակական կարծիքի վրա ազդեցության դաշտ, իսկ առաջիկայում իհարկե կխորացնեն նաև թվային պլատֆորմներում՝օրինակ էներգահամակարգերի միավորման միջոցով, բայց ոչ միայն: Եթե իհարկե արդեն իսկ թվային պլատֆորմներում չունեն ներկայություն»: