Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ցեղասպանության հրահրում է որակել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները, թե Իսրայելը իր քաղաքականության պատճառով միջազգային հանրության համար «խնդիր» է դարձել։
Երեկ Ֆիդանը «CNN Turk»-ին ասել է, որ Իսրայելն ու նրա ժողովուրդն «իրենց քաղաքականությամբ ու մտածելակերպով դարձել են բեռ, որը մարդկությունն այլևս չի կարող կրել»։
«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի զզվելի խոսքերը ցեղասպանության հրահրման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդին անմարդկայնացնելը և նրանց «անտանելի բեռի» հետ նույնացնելը պատմության ամենավատ և արյունալի ռեժիմների դասական, սարսափելի լեզուն է։ Քաղաքակիրթ աշխարհը և Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միանշանակ դատապարտեն Իսրայելի ոչնչացման այս հստակ կոչը», – գրել է Սաարն X-ում։
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են 2023 թվականի վերջին՝ հրեական պետության կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունից հետո։ Երկրները հետ են կանչել իրենց դեսպաններին և կասեցրել առևտրային հարաբերությունները։