ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է

ՀՀ կառավարությունը նախատեսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել՝ դրանք պետությանը օտարելու նպատակով։

Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Որոշման նախագծի համաձայն՝ օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետը 2027 թվականի հոկտեմբերի 1-ն է։ Կառավարությունը գործընթացը հիմնավորում է էներգետիկ անվտանգության, էլեկտրամատակարարման անխափանության և ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ արդյունավետ պետական վերահսկողության անհրաժեշտությամբ։

Նախագծի համաձայն՝ օտարման ենթակա են ՀԷՑ-ի 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ է։ Դրանցից 172 հազար 496-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մոտ 70 տոկոսը, իսկ 73 հազար 927-ը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդին»՝ մոտ 30 տոկոսը։

Նախագծում նշվում է, որ բաժնետոմսերի անվանական արժեքը վերջնական փոխհատուցման չափը չէ։ Դրանց շուկայական արժեքը պետք է որոշվի առանձին գնահատման արդյունքում՝ հաշվի առնելով ընկերության ակտիվները, պարտավորությունները և ֆինանսական ռիսկերը։

Օտարումը նախատեսվում է իրականացնել նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Հիմնավորման համաձայն՝ կառավարությունը 2026 թվականի փետրվարի 17-ին բաժնետերերին առաջարկել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերն օտարել Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարության ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ սահմանված ժամկետում բաժնետերերի կողմից արձագանք չի ստացվել և բաժնետոմսերի կամավոր օտարում չի իրականացվել։

Նախագծով սահմանվում է, որ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգելու և դրա համար պատասխանատու պետական մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Օտարման գործընթացը պետք է սկսվի ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործման մեկնարկի վերջնաժամկետը 2027 թվականի հուլիսի 1-ն է, իսկ ավարտինը՝ հոկտեմբերի 1-ը։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի օտարման ենթակա գույքի նկարագրության արձանագրությունը։ Այդ ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել՝ առավելագույնը երկու ամսով։ Արձանագրության կազմումն ու հաստատումը պետք է հաջորդեն ընկերության ֆինանսական և իրավական վիճակի ուսումնասիրությանը։

Դրանից հետո եռամսյա ժամկետում պետք է կազմակերպվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը՝ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գնահատողի ներգրավմամբ։

Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի ոչ արդյունավետ աշխատանքի մասին իշխանությունները հայտարարեցին այն բանից հետո, երբ սեփականատեր Սամվել Կարապետյանը քննադատեց Փաշինյանին, աջակցեց կաթողիկոս Գարեգին Բ-ին և սկսեց Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալել։ Սամվել Կարապետյանը սա համարում է ճնշում, իշխանությունները հերքում են՝ նշելով, որ ՀԷՑ-ում խնդիրների ուսումնասիրությունն ավելի վաղ էր սկսվել։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment