Կոտայքի դպրոցների 90%-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և FAST-ի աջակցությամբ բարելավել է թվային գրագիտության և համակարգչագիտության դասավանդումը

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ, Կոտայքի մարզի դպրոցների 90 տոկոսի թվային գրագիտության և համակարգչային գիտության (ԹԳՀԳ) ուսուցիչներն ավարտել են մասնագիտական ​​զարգացման համապարփակ վերապատրաստումները։

Ծրագիրը մշակել և իրականացել են ՅՈՒՆԻՍԵՖը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

Մարտից մինչև հունիս մարզի 91 դպրոցի 252 ուսուցիչ մասնագիտական վերապատրաստումներ են անցել՝ ձեռք բերելով ալգորիթմական մտածողության, ծրագրավորման, ԹԳՀԳ առարկայում նախագծային ուսուցման, ինչպես նաև արհեստական ​​բանականության գրագիտության ոլորտի կարևոր գիտելիքներ և հմտություններ։

Ծրագիրը նախատեսված էր 2-12-րդ դասարանների ուսուցիչների համար՝ ներգրավվելով տարրական դասարանների ուսուցիչներին՝ Scratch-ի, իսկ միջին և ավագ դպրոցի ուսուցիչներին՝ Python-ի դասընթացներում։

«Ուսուցիչները կրթական համակարգի վերափոխման և որակի բարձրացման հիմնական շարժիչներից են։ Ուսուցիչների մասնագիտական ​​զարգացման մեջ ներդրում կատարելը, ի վերջո, ներդրում է, որը թույլ է տալիս երեխաներին մեծանալ այնպիսի աշխարհում, որտեղ նրանք կարող են անվտանգ և ստեղծագործաբար օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները՝ սովորելու, սոցիալիզացվելու և իրենց ապագան կառուցելու համար»,- ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը,- «Գործընկերների հետ միասին մենք նորարարական մոտեցումներ ենք կիրառել հընթացս մասնագիտական ​​զարգացման համար և ցույց տվել՝ ինչպես կարող են թվային գործիքներն ավելի արդյունավետ և հասանելի դարձնել կրթական գործընթացը»։

«Կառուցելով դպրոցներում արհեստական բանականության և համակարգչագիտության առարկաների բարելավման՝ նախարարարության հետ ձևավորված երկարաժամկետ համագործակցության վրա՝ որոշեցինք Կոտայքի օրինակով ուսումնասիրել ԹԳՀԳ առարկայի դասավանդման մեջ առկա կարիքներն և վերապատրաստելով ուժեղացնել 2-ից մինչև 12-րդ դասարան մտնող ԹԳՀԳ ուսուցիչներին:

Ի սկզբանե նպատակ ունեինք լինել հնարավորինս տվյալահեն և վեր հանել առկա բացերն ու զարգացման կետերը, որպեսզի մշակենք ազգային մակարդակում ընդլայնման հնարավորինս արդյունավետ մոտեցումը»,-նշել է FAST-ի Գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը։

Ի լրումն վերապատրաստումներին, ԹԳՀԳ ուսուցիչները նաև մասնագիտական աջակցություն են ստացել առարկայական և մանկավարժական բաղադրիչներում։

«Ծրագրին միացել եմ հենց առաջին իսկ օրից: Անցած չորս մոդուլներում շատ հետաքրքիր էին հատկապես քննարկումներն ու փորձի փոխանակումը: Վստահ եմ, որ իմ աշակերտների հետ այս ամենը գործի դնելուց հետո, լավ արդյունքներ կունենանք»,-նշել է Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 ավագ դպրոցի ուսուցչուհի Կարմեն Գասպարյանը:

Ծրագիրը կարևոր քայլ է դպրոցներում թվային գրագիտության, համակարգչային գիտության և արհեստական ​​բանականության դասավանդման հետագա ամրապնդման ուղղությամբ՝ միաժամանակ աջակցելով ուսուցիչներին նորարարական և աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումների յուրացման հարցում: Երկարաժամկետ հեռանկարում սա կնպաստի տեխնոլոգիապես զարգացող աշխարհում երեխաների թվային, վերլուծական և խնդիրների լուծման կարողությունների զարգացմանը և նրանց հաջողությանը։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ինը տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 31 ծրագիր՝ հասնելով ավելի քան 27 000 շահառուի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment