«Հրապարակ» թերթը գրում է ․ ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում:
Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երեւանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ: Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։ Բարխուդարյանին հարցրինք՝ հավաստի՞ են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել՝ ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին: Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց՝ արի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։ Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից: Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է ՔՊ վարչության անդամ, նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, իշխանության ներսում արդեն ստացել է քաղաքական աջակցությունը և համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։
Թե ինչով է պայմանավորված Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը, իշխանության ներսում առայժմ հրապարակային չեն խոսում։ Սակայն մեր զրուցակիցների պնդմամբ՝ վերջին շրջանում նրա շուրջ ստեղծված ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև թիմի ներսում առկա դժգոհությունները հանգեցրել են նրան, որ ՔՊ ղեկավարությունը որոշել է փոխել պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարին։
Անդրանիկ Քոչարյանը ունի շատ բարձր հակավարկանիշ, դրա համար էլ ՔՊ-ն ազատվում է նրա հարապարակային ներկայությունից: Իսկ կպահպանի նա պատգամավորական մանդատը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»։