6 դաժան վկայություն՝ բռնի տեղահանված 120 հազար արցախցիների մասին. կայացավ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի երեւանյան պրեմիերան

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բրազիլիայում կայացած պրեմիերաներից հետո Արցախի 9-ամսյա շրջափակումը վերապրած, այնուհետեւ Ադրբեջանի զավթողական ու ցեղասպանական քաղաքականության պատճառով բռնի տեղահանված արցախցիների պատմությունները ներկայացնող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվեց նաեւ Երեւանում:

«Մենք այսօր ձեզ ներկայացնում ենք  6 պատմություն, եւ այդ 6 պատմության միջոցով  բռնի տեղահանված 120 հազար արցախցիների ճակատագիրը, այն մարդկանց ճակատագիրը, որը փոխվեց 2023թ սեպտեմբերին: Մոտ մեկ տարի առաջ, երբ այս գաղափարն առաջացավ՝ արդյոք պե՞տք է նման ֆիլմ նկարել,առաջին մարդն, ում հետ մենք խորհրդակցեցինք, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էր: Հրանտ Արամիչը միանգամից ասաց՝ իհարկե պետք է, եւ ես կարծում եմ, որ անգամ ուշացած է: Եվ երբ այդ կանաչ լույսը տրվեց, մենք անցանք գործի: Ու այժմ  ներկայացնում ենք 6 պատմություն, 6 վկայություն,  6 վավերագրություն:

Ֆիլմ արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Սան Պուոլոյի քաղաքային խորհրդում, համալսարանում, Ռիո դը Ժանեյրոյի արդարադատության պալատում, Փարիզի եւ Թուլուզի քաղաքապետարաններում եւ այսօր արդեն երեւանյան պրեմիերան է»,-ցուցադրությունից առաջ ասաց ֆիլմի հեղինակներից Նիկոլայ Մելիքյանը:

6 դաժան, անիրական թվացող պատմություններն իրար միահյուսվում են Մարտին Ալոյանի հերոսի միջոցով, որը խորհրդանշում է արցախցիների դեգերումները: Մարտին Ալոյանը դերասան է, որը նույնպես  հայրենազրկվել է: Ֆիլմն ավարտվում է խորհրդանշական դրվագով՝ հերոսը կանգնած է դեպի Արցախ  տանող ցուցանակի առաջ. Արցախի հարցը հնարավոր չէ փակել, իսկ հայրենիքի ձայնը՝ լռեցնել:

«Հիշում եմ քո ձայնը» Արցախի բռնի տեղահանման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է, եւ հենց այդ պատճառով այն մեզ համար ոչ միայն ֆիլմ է, այլեւ պատասխանատվություն՝ պատմել ճշմարտությունը ոչ թե վերնագրերով, այլ մարդկանց ձայներով: Ինձ համար այս ֆիլմը նաեւ շատ անձնական է, քանի որ ինքս Արցախից եմ, ու այս պատմություններն ինձ համար իմ հարազատների,  հարեւանների, իմ բարեկամների ու իմ մանկության ձայներն են նաեւ:

Այս ֆիլմն  իրականում սկսվեց ոչ թե գաղափարից, այլ հանդիպումներից այն մարդկանց հետ, որոնք անցել են այն արհավիրքների միջով, որը  պատճառ է դարձել, որպեսզի հայրենակորույս լինեն: Ֆիլմում չկա որեւէ վիճակագրություն, քաղաքական որեւէ նոտա, հիշողություններ են, որոնք պատմվում են մարդկանց շուրթերով՝ նրանց կորստի մասին: Եվ այդ հիշողությունների մեջ թաքնված է այն ճշմարտությունը, որը հաճախ դժվար է ընդունել:

Մենք երկար ժամանակ մտածում էինք ֆիլմի վերնագրի մասին. հասկացանք, որ ձայնն այն ուժն է, որը կապում է մարդկանց միմյանց հետ եւ ոչ բլոկադա է ճանաչում, ոչ սահմաններ, ոչ էլ բռնի տեղահանում: Ու պետք է խնդրեմ բոլորիդ, որ այս ֆիլմը նայեք ոչ միայն աչքերով, այլեւ ականջներով, քանի որ որքան լսենք, այդ պատմություններն ու հիշողությունները չեն մահանալու»,-ասաց ֆիլմի համահեղինակ Արայիկ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ դահլիճում չկա մարդ, որ չմտածի, որ խոսքն իր հայրենիքի մասին է… Այս ֆիլմը շատ կարեւոր է եւ շատ անհրաժեշտ… Այս ֆիլմը պետք է շատ տարածել, հանրությունը պետք է նայի այն, ու ինչպես նշվեց՝ ոչ միայն աչքերով, այլեւ ականջով ու առերեսվի ճշմարտությանը մինչեւ վերջ»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

Դահլիճում էին նաեւ ֆիլմի հերոսները, որոնք ֆիլմի ընթացքում վերապրեցին  տեղահանության ու ցեղասպանվելու սարսափները: Ֆիլմը արցունքներ քամեց նաեւ դահլիճում նստած մարդկանցից՝ անհնար է ազգային ողբերգությանը վերաբերվել զուտ որպես ֆիլմի:

Հավելենք, որ  «Հիշում եմ քո ձայնը» Voices of hope հիմնադրամի եւ ամերիկյան All prime group ընկերության (համահիմնադիր՝ Արշակ Կարապետյան) արտադրանք է։ Ֆիլմի երաժշտության հեղինակն ամերիկաբնակ երաժիշտ Արման Էլբերտն է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Էդգար Քամալյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment