Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

Կայացել են Հայաստանի Հանրապետության և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կամբոջայի Թագավորության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետքարտուղար Մեաս Կիմ Հենգի գլխավորությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ քաղաքական, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, զբոսաշրջային և տեխնոլոգիական ոլորտներում փոխգործակցության զարգացման ու ընդլայնման հեռանկարներին։

Գոհունակությամբ ընդգծվել է բազմակողմ հարթակներում գործակցության մակարդակը և առկա դրական դինամիկան։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) և Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի շրջանակներում համագործակցության հնարավորություններին։

Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ տեղակալները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչի համատեքստում Մնացական Սաֆարյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու այլ ընթացիկ գործընթացներ։

Պնոմպենում նախարարի տեղակալն այցելել է նաև Տուոլ Սլենգ ցեղասպանության թանգարան, որտեղ տնօրինության հետ քննարկվել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment