BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին

Քաղաքականություն

02.07.2026 | 21:36

British Petrolium ընկերությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի կառավարությունը փոխանցել է Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերությանը։ Սանգաչալի տերմինալում տեղի է ունեցել ԲԹՋ-ի 20-ամյակին, դրա կառավարման փոխանցմանը նվիրված միջոցառում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

BP-ի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածաշրջանային նախագահ Ջիո Քրիստոֆոլին միջոցառմանը խոսել է ԲԹՋ-ի վերջին 20 տարիների հաջողությունների, նախագծի միջազգային նշանակության և BP-ի երկարաժամկետ, արդյունավետ դերի մասին՝ որպես օպերատոր։ Նա վստահություն է հայտնել, որ SOCAR-ը խողովակաշարի շահագործման ընթացքում հաջողությամբ կշարունակի պահպանել բարձր չափանիշներն անվտանգության, հուսալիության և շահագործման գերազանցության ոլորտում։

SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը, նշելով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն Ադրբեջանի ժամանակակից էներգետիկ ռազմավարության ամենակարևոր նվաճումներից մեկն է, ասել է, որ այն ձևավորել է Կասպից տարածաշրջանը Միջերկրական ծովի հետ Սև ծովի ավազանի միջոցով կապող ռազմավարական էներգետիկ միջանցք և հիմնարար կերպով փոխել Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներին միջազգային շուկաներ մուտք գործելու մոդելը։

Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Անար Ախունդովը, իր հերթին, նշել է, որ վերջին քսան տարիների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը զգալի ներդրում է ունեցել ոչ միայն Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացման, այլև երկրի կայուն տնտեսական առաջընթացի և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում։

Ռովշան Նաջաֆը և Ջիո Քրիստոֆոլին սեղմել են խորհրդանշական կոճակ՝ նշանավորելով օպերատորության փոխանցումը SOCAR-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment