Գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվեց

Բաժանորդագրվել

Էդիկ Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որն անցնում է գնդապետ Էդիկ Մալոյանի գործով, կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին (Ռոման Ջավադյան) դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Մալոյանը հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։

Ջավադյանը կալանավորվել է 2 ամսով։ Էդիկ Մալոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռ քննվում է։ Նշենք, որ դատական նիստն ընթանում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավորը Մասիս Մելքոնյանն է։

Հիշեցնենք` առավոտյան հայտնի դարձավ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։

Leave a comment