Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը չի կարծում, թե խմբակցության ղեկավարի թեկնածու չընտրված Արթուր Հովհաննիսյանը ներղացել է թիմից։

Factor TV-ի հարցին, թե ինչու Հովհաննիսյանը նիստի կեսից հեռացավ, Խաչատրյանը պատասխանեց։

«Նիստի ժամանակ մենք էլ ենք հաճախ դուրս գալիս, ներս մտնում։ Հավանաբար, պարոն Հովհաննիսյանը ինչ-որ մի գործ է ունեցել, դուրս է եկել։ Բացառում եմ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկից կարող է նեղանալ․ նման բան չի կարող լինել։ Ըստ երևույթին, անհրաժեշտություն է եղել ուղղակի նիստից դուրս գալ։ Ես էլ ժամանակ առ ժամանակ նիստից դուրս եմ գալիս, զանգեր եմ անում, նորից վերադառնում եմ, դրա մեջ ի՞նչ կա»,- ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե Հովհաննիսյանը դուրս եկավ և այլևս չվերադարձավ, Խաչատրյանը պարզաբանեց.

«Մեր նիստն արդեն ավարտվում էր, և քանի որ ինքը վարչության անդամ չի, վերադառնա ի՞նչ անի։ Արդեն մենք այլ հարցեր էինք քննարկում, որոնց քննարկմանը Հովհաննիսյան Արթուրը չպետք է մասնակցեր»։

Խաչատրյանը նաև ընդգծեց, որ խմբակցության նոր ղեկավար ընտրված Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանն իր ընկերներն ու գործընկերներն են, ունեն իրենց ուրույն տեղը քաղաքական դաշտում։ Նա չբացահայտեց, թե ում օգտին է քվեարկել։

Հարցին՝ արդյոք ինքն առաջադրվելու է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Խաչատրյանը պատասխանեց, որ այս պահին նման որոշում չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment