ՀՀ-ն ձգտում է ՌԴ հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին նշվել է Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ կատարած այցի ժամանակ։ Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հիմնական ուղղություններով 2025թ. կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ընթացիկ տարում շարունակվող և նախանշվող ծրագրերն ու անելիքները՝ ըստ առաջնահերթությունների։
Միրզոյանն ընդգծել է, որ թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքներն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։ Անդրադարձ է կատարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:
Ամփոփվել են տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ, ինչն իր արտահայտումը գտավ նաև տարեվերջին Գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի ընդունմամբ: ԵՄ՝ որպես ինտեգրացիոն կառույցի հետ գործընկերությունից զատ, կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացման, արդեն իսկ մի քանի օրինակներով ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերն ու ձեռքբերումները՝ ընդգծելով արդեն իսկ 2026-ին այդ ուղղությամբ շարունակվող դինամիկան:
The post ՀՀ-ն ձգտում է ՌԴ-ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ․ ԱԳՆ appeared first on CIVILNET.