Բաքվից ինքնաթիռ կժամանի Երևան

Բաքվից ինքնաթիռ կժամանի Երևան (տեսանյութ)

Վաղն առավոտյան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նա Երևան կժամանի Բաքվից, որտեղ այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ալիևին` Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է այս գործընթացին՝ թղթի վրա գրված խաղաղությունը գործնականում իրականացնելու համար։ Այս համատեքստում նա հայտարարել է 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագրի մասին, որն ուղղվելու է սահմանամերձ շրջաններում խաղաղության ամրապնդմանը, ականազերծմանը, առողջապահությանը (շտապօգնության մեքենաների ձեռքբերում) և գյուղական համայնքների աջակցությանը:

«Մեր «Խաղաղություն կապակցվածության միջոցով փաթեթը» կօգնի կառուցել խաղաղ և բարգավաճ ապագա Հարավային Կովկասի համար: Մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհային ֆինանսավորմամբ՝ ներգրավելով (կապիտալիզացնելով) մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ տարածաշրջանի միացման, գործընկերության խթանման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության տևական մշակույթի ստեղծման գործում: Միասին մենք կարող ենք թղթի վրայի խաղաղությունը վերածել գործնական խաղաղության»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

ԵՄ-ն մտադիր է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար տրամադրել մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ՝ «Գլոբալ դարպաս» (Global Gateway) ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել ընդհանուր առմամբ մինչև 2 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ:

Որպես հնարավոր նախագծեր՝ նշվել են Նախիջևանով անցնող երկաթուղային կապի և Բաքվի նավահանգստի զարգացումը։ Առաջարկվել է նաև ստեղծել «ԵՄ-Ադրբեջան կապուղիների գործընկերություն»։

Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ Ռուսաստանի կողմից գազի մատակարարումների դադարեցման ֆոնին Ադրբեջանը հուսալի գործընկեր է Եվրոպայի համար։ Այժմ կողմերն անցնում են հաջորդ փուլին՝ շեշտը դնելով կանաչ էներգիայի վրա (Կասպից ծովում քամու էներգիայի զարգացում և «Կանաչ էներգետիկ միջանցք» դեպի ԵՄ):

Ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Մենք մեծապես ողջունում ենք ձեր առաջարկը՝ էլեկտրական մալուխ անցկացնել դեպի Հայաստան»։ Նա հավելել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրները կարող են նաև օգնել «սնուցել խաղաղությունը» տարածաշրջանում:

Քանի որ ԵՄ-ն արդեն իսկ հանդիսանում է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն ու ամենամեծ ներդրողը, կողմերը վերսկսում են քննարկումները նոր համապարփակ համաձայնագրի շուրջ, որը էլ ավելի կմեծացնի առևտրաշրջանառությունը։

Leave a comment