Դատավոր դառնալու համար կուրությունն ու խլությունը խոչնդոտ չեն լինի

Քաղաքականություն

Դատավոր դառնալու համար կուրությունն ու խլությունը խոչնդոտ չեն լինի

Առողջապահության նախարարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել այն որոշումը, ըստ որի՝ որոշակի առողջական խնդիրներ ունեցող անձինք չեն կարող դատավոր դառնալ։

Պատճառը Սահմանադրական դատարանի 2025 թ սեպտեմբերի 16-ի որոշումն է, ըստ որի հակասահմանադրական է ճանաչվել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91) եւ երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0) ախտորոշումներ ունեցող անձանց նկատմամբ գործող սահմանափակումների որոշումը։ Նախագիծը բխում է ՀՀ օրենսդրության համապատասխանություն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայից:

Վերոնշյալ կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին։ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մասնակից պետությունները ճանաչում են հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքի իրավունքը. սա ներառում է ապրուստի միջոցներ վաստակելու իրավունքը աշխատանքի միջոցով, որը նա ձեռք է բերում իր ազատ ընտրության ու համաձայնության պայմաններում, ինչպես նաև աշխատուժի շուկայում և հաշմանդամություն ունեցող անձի համար բաց, ընդգրկուն ու մատչելի աշխատանքային միջավայրում: Մասնակից պետությունները պաշտպանում են աշխատանքի իրավունքը և նպաստում դրա կիրառմանը, ի թիվս այն անձանց, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել աշխատանքի ընթացքում, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում նաև օրենսդրության միջոցով…»:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրական դատարանի որոշման կատարումը։

Leave a comment