Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակում իրականացնել՝ հաշվի առնելով նաեւ Գերմանիայում բնակվող մեծաթիվ եզդիական համայնքի գործոնը

Հայաստանի համար Գերմանիան ոչ միայն Եվրոպական միության առանցքային պետություններից է, այլ հուսալի գործընկեր՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման եւ խորհրդարանական կառավարման համակարգի կատարելագործման հարցում: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Հուլիսի 1-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Էսթեր Այվազյանը եւ Մարինա Ղազարյանը:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին անցել է բարդ, բայց անշրջելի ճանապարհ՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը: Նա հավելել է, որ ամբողջ թիմի համար առաջնահերթություն է օրենսդրական այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք երաշխավորում են յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար ազատությունները:

Որպես Հայաստանի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ՝ նա առանձնահատուկ շեշտել է, որ պետությունը մեծ ջանքեր է գործադրում երկրում ապրող բոլոր էթնիկ եւ կրոնական համայնքների իրավունքների պաշտպանության, մշակութային ինքնության պահպանման ու հանրային-քաղաքական կյանքին նրանց լիարժեք ներգրավման համար:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Գերմանիան ունի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարուստ փորձ ու իրավական մեխանիզմներ: Այս համատեքստում Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել եւ փորձի փոխանակում իրականացնել՝ հաշվի առնելով նաեւ Գերմանիայում բնակվող մեծաթիվ եզդիական համայնքի գործոնը, ինչը լրացուցիչ կապող օղակ է երկու երկրների միջեւ: «Մենք պատրաստակամ ենք Գերմանիայի մեր գործընկերների հետ քննարկել հստակ ծրագրեր, որոնք միտված են օրենսդրական դաշտի կատարելագործմանը, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների հզորացմանը եւ քաղաքացիական հասարակության հետ ինստիտուցիոնալ երկխոսության զարգացմանը»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Յոհաննես Ֆոլքմանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ պատվիրակության անդամներին միավորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարեւորության գիտակցումն ու ժողովրդավարական բարեփոխումներին նպաստելու պատրաստակամությունը:

Ռուստամ Բաքոյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, ներկայացրել հանձնաժողովի գործունեությունը, խոսել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment