Հայաստանում կենսաթոշակների 10 հազար դրամով բարձրացումը ոչ միայն կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, այլև ըստ հարցումների՝ քաղաքացիներից շատերն այս բարեփոխումը կապել են կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Ես մեծ ցանկություն կունենայի, որ ազդեցություն չթողնեին, բայց երբ ՀՀ-ում ծայրահեղ աղքատության ցուցանիշն այնպիսին է, ինչպիսին կա, հավատացեք՝ 10 հազար դրամն էական ազդեցություն թողնում է ընտրության արդյունքների վրա, ընտրողների կամքի ձևավորման վրա, և, այո՛, դա փաստացի ընտրակաշառք է»,
Ըստ նրա՝ եթե նախորդող տարիներին դա չի արվում, ավելին՝ 2025թ․-ին էլ հայտարարվում է, որ դրա կարիքը չկա, և արվում է 2026թ․-ին՝ ԱԺ ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի կողմից հրամանագրի ստորագրումից հետո, նշանակում է՝ ընտրակաշառքի հետ գործ ունենք»,– ասաց նա։
Վարդևանյանի խոսքով՝ հարցումները ևս ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիները այս բարեփոխումը հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ են կապել, ու ստեղծված իրավիճակը խախտում է ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով երաշխավորված հավասար պայմաններում ընտրություններ անցկացնելը։
Այս համատեքստում Վարդևանյանն անդրադարձավ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեծ թվով քրեական հետապնդումներին, ինչն էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա։
Նրա խոսքով՝ սա դարձել է «սև PR-ի» գործիք, և հակակոռուպցիոն և քննչական կոմիտեները չեն խոսել այն մասին, որ նախաձեռնված քրեական վարույթներից, կալանքի միջնորդություններից շատերը մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա