Եվրասիական տնտեսական միության (ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը) անդամ պետությունների որոշ բանկեր հունիսից խստացրել են կանխիկ ռուսական ռուբլու մուտքագրման պահանջները, գրում է ՌԲԿ-ն։
ԵՏՄ երկրների բանկերը բախվել են ռուսական ազգային արժույթի ավելցուկի հետ, որը դժվար է օգտագործել հաշվարկներում և թանկ է պահելու համար։ Արդյունքում, դրանք մեկը մյուսի հետևից սկսել են վճարներ և սահմանափակումներ մտցնել կանխիկ ռուբլով մուտքագրման համար։
Նշվում է, որ առնվազն ութ բելառուսական բանկ արդեն 2-5% միջնորդավճար է ներդրել ոչ ռեզիդենտների ընթացիկ հաշիվներին կանխիկ ռուբլի մուտքագրելու համար, ինչը կազմում է Բելառուսում գործող բոլոր ֆինանսական հաստատությունների (Ալֆա-Բանկ, Բելառուսբանկ, ԲելՎԵԲ, ԲՆԲ-Բանկ, ՄՏԲանկ, Սբերբանկ, Տեխնոբանկ և Ցեպտեր Բանկ) մեկ երրորդից ավելին։
Ղազախստանի «Ցենտրկրեդիտ»-ը նույն կերպ է վարվել՝ սահմանելով 5% միջնորդավճար ոչ ռեզիդենտների համար, որոնք ընդունում են կանխիկ ռուբլի դրամարկղերի, տերմինալների և բանկոմատների միջոցով։ Ղրղզստանի «Էկոիսլամիկբանկ»-ը հայտարարել է, որ 5% միջնորդավճար է սահմանել կանխիկ ռուբլով ավանդների և SWIFT փոխանցումների համար:
Որոշ հայկական բանկեր ամբողջությամբ դադարեցրել են ռուսական կանխիկ ռուբլով գործարքները, այդ թվում՝ հաշիվներին մուտքագրումը, լրատվամիջոցին ասել է FTL Advisers-ի բանկային բաժնի ղեկավար Օլգա Բուրցևան։
«Ռուսական ռուբլով անկանխիկ գործարքները շարունակում են գործել նույն պայմաններում, և սա հիմնական գործոն է, որը հաստատում է, որ խնդիրը վերաբերում է միայն կանխիկին»,- հավելել է նա։
Նշվում է, որ ո՛չ բելառուսական, ո՛չ ղազախական, ո՛չ էլ ղրղզական բանկերը պաշտոնապես չեն հայտարարել ռուսական անկանխիկ ռուբլով գործարքների սահմանափակումների մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի