Ձայների փոշին չէ, որ պետք է որոշի թե ով լինի իշխանություն․ Արամ Վարդևանյանը՝ ՍԴ դատավորներին

Ընտրությունները չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրությանը, չեն եղել ազատ և հավասար։ Այս մասին Սահմանադրական դատարանում քաղաքական կուսակցությունների հայցով ընթացող դատավարության ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ դաշինքի ներկայացրած հայցում մանրամասնված են նախընտրական արշավի ընթացքում, քվեարկության օրը և դրանից հետո տեղի ունեցած զանգվածային խախտումները։

Վարդևանյանի խոսքով՝ հայցի քննության ընթացքում պարզ դարձավ, որ պատասխանող կողմը չունի մի շարք հարցերի պատասխաններ․ «Մենք տեսանք, որ կարելի է ընդհանրապես չպատասխանել հարցերին, և առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես պատասխանողը օգտվեց «լռության իրավունքից»։

Արամ Վարդևանյանն արձանգրեց իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և անթույլատրելի հռետորաբանության աներևակայելի մասշտաբները, ինչպես նաև ԿԸՀ-ի անկախության պակասը։ Վարդևանյանը հավելել է, որ ՍԴ նիստում երրորդ կողմին փաստացի վերապահված էր «պահեստային պատասխանողի» դերը։

Վարդևանյանն ընդգծեց  «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը՝ սկսած Ընտրական օրենսգրքի փոփոխություններից մինչև այն իրավիճակը, որ դաշինքի առաջնորդը նախընտրական արշավն անցկացրել է տնային կալանքի պայմաններում։ Զեկուցողը նաևմատնանշեց իշխող ուժի մենաշնորհային դիրքը, որն ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն ունեցավ, ինչը, երկրում տիրող ծայրահեղ աղքատության պայմաններում, փաստացի ընտրակաշառք է։ Վարդևանյանը վկայակոչել է սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը նշված բարեփոխումը կապում է կոնկրետ կուսակցության հետ։

Դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել որպես «Ուժեղ Հայաստան»-ի «սև փիարշիկ»՝ ընտրությունների նախաշեմին տարածելով միտումնավոր ուղղորդված հաղորդագրություններ ու ձայնագրություններ՝ նպատակ ունենալով վարկաբեկել այս քաղաքական ուժին։ Հետագայում ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել, սակայն կոմիտեն այդ մասին այդպես էլ չի հայտնել։ Նրա խոսքով՝ համաձայն նույն հարցման, պատասխանողների 21 տոկոսը, լսելով այդ ձայնագրությունը, որոշել է իր ձայնը չտալ ընդդիմությանը։ Վարդևանյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն կատարվածին արձագանքել է կոմիտեին ուղղված գրավոր դիմումով, որն անտեսվել է, իսկ ԿԸՀ-ն, անկախության պակասի պատճառով, հետևողական չի գտնվել։ Վարդևանյանը նաև հիշեցրեց, որ քաղաքական ուժերից և ոչ մեկը չի ստացել բնակչության մեծամասնության ձայները, և ստացվում է, որ երկրի ճակատագիրը որոշում են «փոշիացած» ձայները

Անդրադառնալով 16-17 հազար ընտրողների կողմից կրկնակի քվեարկության հնարավորության վերաբերյալ կասկածներին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ այդ կասկածները չեն փարատվել և ընդմիշտ որպես խարան կմնան այս ընտրությունների վրա։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-իետ կապված իրավիճակին, ապա, ըստ իրավաբանի, ԿԸՀ-ն պարտավոր էր կրկնակի քվեարկություն նշանակել ։

 

Leave a comment