«Անդրկովկասում Ռուսաստանի համար առաջնայինը անվտանգության հարցերն են»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանցի քաղաքագետ, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի կարծիքով, Անդրկովկասում Ռուսաստանի առաջնահերթությունը անվտանգության հարցերն են:

«Երբ խոսում ենք Կենտրոնական Ասիայի կամ Անդրկովկասի երկրների նկատմամբ ռուսական քաղաքականության առաջնահերթությունների մասին, ապա ռուսական շահերի կենտրոնում անվտանգության հարցերն են եւ պոտենցիալ սպառնալիքների ու մարտահրավերների գնահատումը: Եվ հետո միայն տնտեսական զարգացումն ու համագործակցությունը», – գրում է Բորդաչեւն իր «Разговаривая с соседями» հոդվածում:
«Անվտանգության սպառնալիքներն վերացական չեն. դրանք միշտ կապված են այս կամ այն տերությունների հետ, որոնք ունակ են եւ ցանկանում են ստեղծել դրանք: Այնպես որ, Արեւմուտքում Ռուսաստանի հակառակորդների նույնիսկ հիպոթետիկ մտադրությունը՝ ապակայունացնել նրա մերձավոր շրջապատը, պետք է ծայրահեղ ուշադրությամբ հաշվի առնվի ռուսական արտաքին քաղաքականության կողմից: Երբ Մոսկվան ասում է, թե ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը ձգտում են Կենտրոնական Ասիան կամ Անդրկովկասը վերածել Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության իրականացման հենադաշտի, դա բնավ կապված չէ մեր հարեւանների հանդեպ ունեցած մտածածին կասկածների հետ:
Խոսքն այն մասին է, որ կա ազդեցիկ եւ ուժեղ երկրների մի խումբ, որոնք պայքար են մղում Ռուսաստանի դեմ, եւ, հետեւաբար, իրենց բոլոր գործողություններն իրականացնում են՝ հաշվի առնելով այն, թե որքանով դա կվնասի նրա շահերին: Տարօրինակ կլիներ նրանցից այլ բան ակնկալել, եւ պետք չէ զարմանալ, որ Մոսկվան այդքան ուշադիր է վերաբերվում Արեւմուտքի ակտիվությանը իր մերձավոր շրջապատում: Կրկնեմ՝ նման մոտեցումը նպատակ չունի կասկածի տակ դնել հարեւանների ներքին կայունությունը. այն բացարձակապես կապ չունի դրա հետ», – պնդում է հեղինակը:
Կարդացեք նաեւ. Ռուսաստան եւ Հայաստան. «realpolitik»-ն ու ինքնության ճգնաժամը:

Leave a comment