ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր ղեկավարած երկիրը ներգրավվել եվրոպական պաշտպանության և անվտանգության նախաձեռնություններում, քանի որ Անկարան ձգտում է մուտք գործել Եվրամիության նոր հիմնադրամ, որն ուղղված է մայրցամաքի ռազմական կարողությունների ամրապնդմանը, գրում է Turkish Minute-ը։

Էրդողանի այս խոսքերը հնչել են ՆԱՏՕ-ի առաջնորդների՝ հուլիսի 7-8-ն Անկարայում կայանալիք հանդիպումից մեկ շաբաթ առաջ, մինչ եվրոպական երկրները ձգտում են ավելացնել պաշտպանության ծախսերը և զենքի արտադրությունը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու վերաբերյալ մտահոգությունների։

«Եվրոպական անվտանգության մեջ Թուրքիայի անփոխարինելի ներդրումը երբեմն անտեսվում է»,- Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրների խորհրդարանական պատվիրակների առջև ունեցած ելույթում ասել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է «մասնակցել մայրցամաքում պաշտպանության և անվտանգության բոլոր նախաձեռնություններին»։

Խնդիրը վերաբերում է Թուրքիայի հնարավոր մուտքին ԵՄ-ի 150 միլիարդ եվրո ծավալով «Եվրոպայի համար անվտանգության գործողություն» (SAFE) նախաձեռնությանը, որը նախատեսված է համատեղ պաշտպանական գնումներին աջակցելու և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը խթանելու համար։

Չնայած Թուրքիան տեխնիկապես իրավասու է միանալ SAFE նախաձեռնությանը, այն պահանջում է ԵՄ բոլոր 27 անդամների հաստատումը, ինչին Հունաստանը սպառնում է խոչընդոտել։

«Մենք ակնկալում ենք ձեր՝ օրենսդիրների աջակցությունը Թուրքիայի ներգրավմանը Եվրամիության կողմից հայտարարված պաշտպանության և անվտանգության նախաձեռնություններում»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ վերացնել դաշինքի անդամների միջև պաշտպանական արդյունաբերության առևտրի բոլոր խոչընդոտները։

«Եթե ուզում ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները, պետք է վերացնենք պաշտպանական արդյունաբերության առևտրի խոչընդոտները՝ միաժամանակ ապահովելով դաշնակիցների միջև բեռի հավասարակշռված և արդար բաշխում»,- ասել է նա։

Թուրքիան ունի դաշինքի երկրորդ ամենամեծ բանակը՝ Միացյալ Նահանգներից հետո, և ծաղկող պաշտպանական արդյունաբերություն, որն ամրապնդվում է երկկողմ պաշտպանական համաձայնագրերի շնորհիվ։ Սակայն նրա պաշտպանական արդյունաբերությունը տուժել է ԱՄՆ-ի պատժամիջոցներից, որոնք կիրառվել են Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով, ընդ որում՝ Վաշինգտոնը նաև Թուրքիային հեռացրել է F-35-երի ծրագրից, ինչը սրել է ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները։

Չնայած Վաշինգտոնը ցանկություն է հայտնել վերջ դնել վեճին, այսպես կոչված, CAATSA պատժամիջոցների վերացումը պահանջում է Կոնգրեսի հաստատումը և, ըստ դիտորդների, քիչ հավանական է, որ այն լուծվի մինչև գագաթնաժողովը։

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս խոստացել է Էրդողանին տալ մի բան, որը նրան «շատ կուրախացնի», երբ Թուրքիա թռչի՝ ՆԱՏՕ-ի հավաքին մասնակցելու։

Վերլուծաբանները կարծում են, որ դա, հավանաբար, կլինի մի քանի տասնյակ ամերիկյան F110 շարժիչների մատակարարում, որոնք Թուրքիային անհրաժեշտ են իր հինգերորդ սերնդի KAAN կործանիչների համար, որոնք մշակման փուլում են, և որոնց մատակարարումն արգելափակվել է CAATSA պատժամիջոցների սահմանումից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment