ԵԱՏՄ անդամների համար իրավիճակն «անընդունելի» է, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին միանալու իր մտադրությունը՝ «շարունակելով վայելել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության բոլոր արտոնությունները և առավելությունները», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն RTVI-ին տված հատուկ հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր «մասնագետները կմշակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների ինչպես տնտեսական, այնպես էլ իրավական կողմերը»։
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ համատեղ հայտարարության մեջ ԵԱՏՄ երկրների չորս նախագահները «արտահայտել են իրենց աջակցությունը այս հանրաքվեի մոտ ապագայում անցկացմանը, քանի որ Հայաստանի օրենսդրության վերաբերյալ հանրաքվեն անհրաժեշտ է Հայաստանի վերազգային ինտեգրացիոն կառույցներին միանալու համար»։
«Հետևաբար, անկեղծ ասած, մենք լիովին չենք հասկանում, թե ինչու է Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին այս շատ կարևոր հարցի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։ Հավանաբար, չեմ բացառում, որ այս հետաձգման հետևում կան որոշ օպորտունիստական նկատառումներ, այնպես չէ՞», – մեկնաբանեց փոխնախարարը հանրաքվեի վերաբերյալ։
«Իմ կարծիքով, անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրամիությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին։ Ի՞նչ է մեզ պետք ավելի, որպեսզի հաստատենք, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը սկսվել է։ Այս թեմայով հատուկ օրենք է ընդունվել։ Եվ ես այստեղ այլ մեկնաբանություն չեմ տեսնում», – ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել ԵՄ անդամակցության համար և չունի թեկնածուի կարգավիճակ։
«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե ինչ կոնկրետ գործողություններ են ձեռնարկվել, հիմնարար նշանակություն չունի։ Հիմնարար նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի կողմից ընդունված և երկրի նախագահի կողմից ստորագրված օրենք։ Եվ կան գործնական քայլեր՝ Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու համար», – շեշտել է Միխայիլ Գալուզինը։