«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի ղեկավար Աննա Մելիքյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրները
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քննարկվել են Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում առկա իրավական և սոցիալական հիմնախնդիրները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել աջակցման ծրագրերի շահառու դառնալու մերժումներին, փաստաթղթերի վերականգնման դժվարություններին, պետական տուրքերի վճարման, աշխատանքային ստաժի հաստատման խնդիրներին, ինչպես նաև այս բոլոր հարցերը դատարաններում լուծելու անհրաժեշտությանը, որը և՛ ժամանակատար է, և՛ ռեսուրսատար։
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը հատուկ շեշտվել է, որ նշված գործընթացների շրջանակում բռնի տեղահանված անձինք պետք է ազատված լինեն պետական տուրքերի վճարումից, իսկ պատկան մարմինները որոշումներ կայացնելիս պարտավոր են ցուցաբերել անհատական մոտեցում՝ առաջնորդվելով մարդու իրավունքների և երեխայի լավագույն շահի սկզբունքներով։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: