Նանոռոբոտներն այսօր ամենևին էլ ֆանտաստիկայի ժանրից չեն․ այս մանրագույն համակարգերն արագ զարգացող տեխնոլոգիաներ են, որոնք բժշկության, շրջակա միջավայրի պահպանության, արդյունաբերության և այլ ոլորտներում շրջադարձային բարեփոխումների հույսեր են ներշնչում։ Այս իմաստով խոստումնալից է, օրինակ, Շվեյցարիայի Բազելի համալսարանի գիտնականների թիմի կողմից ներկայացված տեխնոլոգիան՝ բազմաֆունկցիոնալ նանոռոբոտը, որը 150 անգամ բարակ է մարդու մազից և բաղկացած է երկու բազմակի օգտագործման մոդուլներից։
Բազելի համալսարանի պրոֆեսոր Կորնելիա Պալիվանի ղեկավարությամբ ստեղծված այս մոդուլային նանոռոբոտն ունի զգալիորեն ավելի մեծ ֆունկցիոնալ ճկունություն, քան մինչ այժմ ստեղծված նմանատիպ համակարգերից շատերը, որոնք սովորաբար նախագծվում էին միայն մեկ կոնկրետ առաջադրանք կատարելու համար, իսկ այս մոդուլային համակարգը կարող է տարբեր կերպ կիրառվել՝ տարբեր ոլորտներում։
Advanced Functional Materials ամսագրում նկարագրված նանոռոբոտը կառուցվածքով հիշեցնում է բազմաստիճան լուսնային հրթիռ։
Ինչպես նշվեց, այն կազմված է երկու հիմնական մասից.
- մագնիսական շարժիչային մոդուլից, որն էլ հենց շարժում է նանոռոբոտը,
- բեռնային պարկուճից, որը դեղանյութերը կամ ֆերմենտներն անվտանգ կերպով հասցնում է թիրախին։
Շվեյցարական նանոռոբոտի երկու մոդուլները միմյանց միացված են սինթետիկ ԴՆԹ-ի շղթաներով, որոնք աշխատում են որպես մոլեկուլյար Velcro ամրակ։
Միմյանց լրացնող ԴՆԹ շղթաներն ապահովում են, որ շարժիչային մոդուլն ու բեռնային պարկուճը ինքնուրույն միանան և կայուն կապ պահպանեն։ Որպեսզի նանոռոբոտը կարողանա կցվել որոշակի բջիջների կամ նյութերի, բեռնային պարկուճի մակերեսին ավելացվել են նաև հատուկ կենսամոլեկուլներ, որոնք նպաստում են այդ կապին։
Լաբորատորիայում գիտնականները համակարգը փորձարկել են մարդու քաղցկեղային HeLa բջիջների վրա։
Նրանք նանոռոբոտները լիցքավորել են դեղանյութով ուղղորդել դրանք դեպի հիվանդության օջախները։ Հասնելով ուռուցքի մակերեսին՝ նանոռոբոտները տեղակայվել են բջջաթաղանթի վրա, և ներմուծված ֆերմենտները ռեակցիայի մեջ են մտել շրջակա նյութերի հետ՝ տեղում սինթեզելով հակաքաղցկեղային դեղամիջոց, որի ազդեցությամբ 72 ժամվա ընթացքում HeLa բջիջների կենսունակությունը նվազել է մինչև 16%։
«Եթե մեր նանոռոբոտի օգնությամբ դեղամիջոցը հասցնենք անմիջապես քաղցկեղային բջիջներին, այն կարող է տեղային և շատ ավելի կենտրոնացված ազդեցություն ունենալ»,- ասել է հետազոտության հեղինակ, դոկտոր Վոյչիտա Միհալին։
Գիտնականներին նաև հաջողվել է առանձնացնել երկու մոդուլները, կրկին լիցքավորել բեռնային պարկուճներն ու նորից դրանք միացնել շարժիչային մոդուլներին։
Հետազոտողների գնահատմամբ՝ այս մոդուլային նանոռոբոտը կարևոր քայլ է դեպի բազմաֆունկցիոնալ համակարգերի ստեղծումը, որոնք կարող են կիրառվել ամենատարբեր ոլորտներում։
Թեև մարդկանց բուժման նպատակով դրա կիրառումը դեռևս երկարաժամկետ հեռանկար է, համակարգը կարելի է հեշտությամբ հարմարեցնել այլ խնդիրների լուծման համար՝ պարզապես փոխելով բեռնային պարկուճի պարունակությունը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: