Իրաքում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել են 17 պաշտոնյաներ, ինչպես նաև պատգամավորներ

Բաժանորդագրվել

Ձերբակալվածների խափանման միջոցն առաջիկայում կընտրի դատարանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Իրաքի ուժայիններն այսօր կոռուպցիայի կասկածանքով ձերբակալել են 17 պաշտոնյաների, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։

«Իրաքի անվտանգության մարմինները կոռուպցիայի կասկածանքով ձերբակալել են 17 պաշտոնյայի, որոնց մեծ մասը խորհրդարանի պատգամավորներ են, և նրանք զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գործողության համար առիթ են դարձել նավթի նախկին փոխնախարար Ադնան ալ Ջումեյլիի խոստովանությունները», – հայտնել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Ձերբակալվածների թվում են նախկին վարչապետ աս Սուդանիին մոտ կանգնած պատգամավորներ Հասան ալ Հաֆաջին և Մուհամմադ Սայհուդը, ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող նավթի փոխնախարար Ալի Մաարիջը և այլ պաշտոնյաներ:

Ալ Ջումեյլին, որը պատասխանատու էր նավթավերամշակման գործարանի ոլորտի համար և ղեկավարում էր NRC ընկերությունը, ձերբակալվել էր մայիսի վերջին: Իրաքի գերագույն իրավաբանական խորհուրդը ավելի վաղ հայտնել է, որ նավթի նախարարությունում կոռուպցիայի գործով առգրավված միջոցների չափը հասել է 86 միլիոն դոլարի: Պաշտոնյան մեղադրվում է պետական միջոցները վատնելու և տենդերների հետ կապված մեքենայությունների համար։

Դատարանն առաջիկայում ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց կընտրի։

Leave a comment