Խանջյանի ամառանոցի ճակատագիրը մնում է անորոշ․ շենքը փլուզվում է տարեցտտարի
Պարզ չէ, թե Դիլիջանում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցը դեռ ինչքան կմնա կիսավեր վիճակում։ Հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շինությունը տարեցտարի հայտնվում է «վտանգավոր գոտում»։
Խորհրդային Հայաստանի պետական ու քաղաքական գործիչ Աղասի Խանջյանի ամառանոցը կառուցվել է 1936թ․-ին։ Տարիների ընթացքում շենքը տարբեր նպատակներով է օգտագործվել, սակայն հետագայում լքվել է։
«Ամառանոցի շենքը ներկայում կիսավեր, վթարային վիճակում է, ինչի պատճառ է հանդիսացել հուշարձանի դիմայահաց լանջի վերնահատվածում կառուցված ջրահավաք կառույցի փլուզումը և շենքի տակ ջրերի ներթափանցումը, հարավ-արևմտյան ձորապռնկում սկսված հողասահքը և կայուն հիմնային մասի բացակայությունը»,- տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ ի պատասխան «Ա1+»-ի հարցման։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ամառանոցի տակ գտնվող՝ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի 3/1 հասցեի 2800 քառակուսի մետր մակերեսով հողամասը ձեռք է բերել «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ-ն։
2023 թվականին ընկերությունն այն նվիրաբերել է Դիլիջան համայնքին, որն էլ հողամասը ներառել է համայնքային հողային ֆոնդում և գրանցել շենքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը։
Հաշվի առնելով շենքի վթարային վիճակը՝ համայնքը դիմել է ԿԳՄՍ նախարարություն` դրա վերականգնման և նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հուշարձանը «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ –ին անժամկետ, անհատույց օգտագործման հանձնելու խնդրանքով:
«Նախարարությունը համաձայնություն է տվել հուշարձանը ընկերությանը օգտագործման հանձնելու առաջարկին: Հուշարձանի վերականգնման հարցը քննարկվել է տեղում համայնքի և ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ, ապա նախարարության գիտամեթոդական խորհրդի 2024 թ. մայիսի 23-ին տեղի ունեցած N 7-րդ նիստում և որոշվել՝ ներկայացնել տարածքի հետազոտությունների արդյունքները, իսկ դրանց անբարենպաստ լինելու հանգամանքի հաստատման դեպքում՝ ընդունելի համարել կառույցի տեղափոխման առաջարկությունը:
Վերոնշյալ նիստից հետո նոր առաջարկություն (կամ նախագիծ) նախարարություն չի ներկայացվել»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։
Չնայած հուշարձանի վթարային վիճակին՝ ԿԳՄՍ նախարարությունը վերականգնողական աշխատանքների համար ֆինանսավորում չի ծրագրավորել։ Գերատեսչությունը հիմնավորում է դա «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, ըստ որի՝ հուշարձանների սեփականատերերն են պարտավոր իրականացնել դրանց պահպանությունը, ամրակայումը, նորոգումն ու վերականգնումը։
Այնուամենայնիվ, Նախարարության փոխանցմամբ՝ ամառանոցի վերականգնման և հիմնանորոգման աշխատանքների վերջնական նպատակը այն որպես թանգարան օգտագործելն է։
Ու քանի որ ժամկետների վերաբերյալ չկա որեւէ որոշում, չկա նաեւ որեւէ երաշխիք, որ պատմական կառույցը կմնա կանգուն մինչ այդ։