ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է դադարեցնել սիրիացիների և հաիթացիների արտաքսումից ժամանակավոր պաշտպանությունը (տեսանյութ)
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին դադարեցնել արտաքսումից ժամանակավոր պաշտպանությունը (Temporary Protected Status, TPS) ավելի քան 350 հազար Հաիթիի և շուրջ 6 հազար Սիրիայի քաղաքացիների համար։
Որոշումն ընդունվել է 6 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Դատարանը չեղարկել է Նյու Յորքի և Վաշինգտոնի դաշնային դատարանների որոշումները, որոնք երկարաձգել էին ծրագրի գործողությունը։
TPS կարգավիճակը հնարավորություն է տալիս պատերազմներից, բնական աղետներից կամ այլ հումանիտար ճգնաժամերից տուժած երկրների քաղաքացիներին ժամանակավորապես բնակվել և աշխատել ԱՄՆ-ում, քանի դեռ նրանց հայրենիք վերադարձը համարվում է վտանգավոր։
Հաիթիի քաղաքացիների համար ծրագիրը գործում էր 2010 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, իսկ Սիրիայի քաղաքացիների համար՝ 2012 թվականին սկսված քաղաքացիական պատերազմից ի վեր։
Միաժամանակ ԱՄՆ Պետքարտուղարությունը շարունակում է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չմեկնել ոչ Հաիթի, ոչ Սիրիա՝ բռնությունների, հանցավորության, ահաբեկչության և մարդկանց առևանգման բարձր ռիսկերի պատճառով։
Նույն օրը Գերագույն դատարանը ներգաղթի հարցերով ևս մեկ որոշում է կայացրել՝ աջակցելով Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը։ Դատարանը հաստատել է, որ ԱՄՆ դաշնային իշխանությունները կարող են մերժել ապաստանի դիմումների ընդունումը, եթե ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անցակետերը գերծանրաբեռնված լինեն։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել այդ քաղաքականությունը, որը չեղարկվել էր նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։