Հեղինակներն ու դերասանները` Երեւանում բեմադրվող «1984» մյուզիքլի մասին

2026 թվականի հոկտեմբերի 17-ին Սունդուկյանի անվան թատրոնում տեղի կունենա «1984» մյուզիքլի պրեմիերան՝ Ջորջ Օրուելի համանուն վեպի հիման վրա։
Մյուզիքլի պրոդյուսերն է «Կինոկլուբ Երեւան»-ի հիմնադիր Սերգեյ Ցելիկովը։
Երգերի տեքստերը գրել է բանաստեղծուհի Վերա Պոլոզկովան, իսկ երաժշտությունը՝ Animal ДжаZ եւ Zero People խմբերի վոկալիստ Ալեքսանդր Կրասովիցկին, որը նաեւ հանդես կգա գլխավոր դերում։
Սիրո եւ ազատության մասին հայտնի պատմությունը տեղափոխվել է մեր օրեր՝ թոք-շոուների, էկրանների եւ տոտալ թվային վերահսկողության աշխարհ։ Այստեղ Մեծ Եղբայրն այլեւս չի հետեւում մեզ տեսախցիկների միջոցով։ Նա դուրս է գալիս ուղիղ եթեր, խոսում է միլիոնավոր հանդիսատեսների հետ եւ աննկատ փոխարինում է իրականությունը։ Ներկայացման կենտրոնում երկու մարդկանց պատմություն է, ովքեր փորձում են պահպանել սերը մի աշխարհում, որտեղ զգացմունքները վերածվում են հանցագործության, բառերը կորցնում իրենց իմաստը, իսկ ճշմարտությունն ամեն օր խմբագրվում է։
Տոմսերն արդեն հասանելի են https://1984show.com կայքում։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ մյուզիքլի հեղինակների եւ դերասանների հարցազրույցներից, որոնք հրապարակվել են Киноклуб Ереван տելեգրամյան ալիքում։
***
Սերգեյ Ցելիկով, պրոդյուսեր
– Ինչպե՞ս առաջացավ Օրուելի «1984» վեպի հիման վրա թատերական ներկայացում բեմադրելու գաղափարը:
– Երբ 2022 թվականի մարտին տեղափոխվեցի Հայաստան, ցանկանում էի մի նախագիծ անել, որը կդառնար իմ ասելիքը պատերազմի եւ աշխարհում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես շատերը, ես էլ շտապեցի վերընթերցել Օրուելի «1984»-ը եւ ապշած էի այս գրքի արդիականությամբ։ Բայց միտք չունեի որեւէ բան անել այդ գրքի վրա հիմնվելով, առավել եւս՝ մյուզիքլ։ Ես կինոռեժիսոր եմ եւ ուզում էի ֆիլմ նկարահանել։ Սակայն Օրուելի աշխարհն էկրանավորելու համար շատ մեծ բյուջե է անհրաժեշտ։
Մտածեցի, որ գուցե կարելի է մուլտֆիլմ նկարել։ Հանդիպեցի անիմացիոն ստուդիաներից մեկի ղեկավարի հետ եւ առաջարկեցի «1984»-ի հիման վրա մուլտֆիլմ նկարահանել։ Բայց պրոդյուսերն այդ գաղափարի մեջ կոմերցիոն ներուժ չտեսավ, եւ այն հետաձգվեց անորոշ ժամանակով։
Որոշ ժամանակ անց Երեւանում բեմադրեցինք «Ճամպրուկը» ներկայացումը, իսկ հետո դրանով հյուրախաղերի գնացինք։ Զուգահեռաբար սկսեցի մտածել նոր ներկայացման թեմայի շուրջ ու հիշեցի «1984»-ի գաղափարս։
Նախագիծն առաջարկեցի Կոնստանտին Կամենսկուն՝ լոնդոնաբնակ ռեժիսորին, ում հետ Երեւանում բեմադրել էինք «Շան սիրտը»։ Կոստյան ոգեւորվեց, բայց ասաց, որ դա պետք է լինի երաժշտական ներկայացում։ Ես էլ պատասխանեցի. «Դե ուրեմն արի՛ մյուզիքլ անենք»։
***
Կոնստանտին Կամենսկի, ռեժիսոր
– Ի՞նչ եք ցանկանում փոխանցել բեմից:
– Պիեսում, որը գրվել է հատուկ մեր բեմադրության համար, միավորել ենք 20-րդ դարի երկու մեծ հակաուտոպիաները՝ որպես հիմք վերցնելով օրուելյան «1984»-ի աշխարհն ու առաջադրված հանգամանքները եւ դրանց ավելացնելով սիրային գիծը Զամյատինի «Մենք» վեպից։
Գաղափարն այն էր, որ բեմից պատմենք, թե խավարից, քաղաքականության ստեղծած բոլոր խնդիրներից ու արհավիրքներից դուրս գալու միակ բանալին ընտանեկան հարաբերություններն են, սերն ու մարդկային զգացմունքները։ Դրանք պետք է պահպանել ու փայփայել։ Դա ամենագլխավոր ուժն է եւ ամենաարժեքավոր բանը, որ գոյություն ունի աշխարհում ու մարդու հոգում։ Եվ հենց այդ պատճառով մենք դիմեցինք մյուզիքլի ժանրին. թերեւս սա բեմական ամենաճշգրիտ ձեւն է նման ասելիքի համար։
***
 Ալեքսանդր Կրասովիցկի, կոմպոզիտոր եւ Ուինսթոն Սմիթի դերակատար
– Ո՞րն էր Ձեր առաջին արձագանքը, երբ առաջարկ ստացաք որպես դերասան եւ կոմպոզիտոր մասնակցել մյուզիքլին:
– Զարմանք եւ ուրախություն։ Միշտ ցանկացել եմ ոչ միայն երգել, այլեւ խաղալ բեմում։ Բայց երբ հասկացա, թե ինչի մասին է խոսքը, վախեցա։ Սա Օրուել է, բավականին լուրջ դրամա է, իսկ քանի որ ես դերասանական կրթություն եւ փորձ չունեմ՝ ընդունեցի այն որպես մարտահրավեր: Որոշեցի, որ պետք է փորձել եւ ռիսկի դիմել։ Կյանքը կարճ է, պետք է շտապել եւ անել այն, ինչ վաղուց ես ցանկացել։
Ի սկզբանե մյուզիքլի համար երաժշտություն գրել չէի պլանավորում, որովհետև այնքան էլ լավ չեմ հասկանում մյուզիքլի ժանրը։ Բայց շփվելով ռեժիսորի եւ պրոդյուսերի հետ՝ հասկացա, որ կարող եմ մնալ ինձ համար սովորական երգերի հեղինակի դերում։ Մեկ ամսում՝ զրոյից, Վերա Պոլոզկովայի հետ հորինեցինք ամբողջ երաժշտությունն ու տեքստերը։
Հատուկ չեմ վերընթերցել Օրուելի վեպը, որովհետեւ ցանկանում էի պահպանել այս սցենարի եւ այս հերոսի ընկալման թարմությունը։ Մեզ մոտ շեշտը դրված է ոչ թե իրականության հանդեպ օրուելյան մոտեցման, այլ փոքր մարդու վիճակի եւ այն ամենագլխավոր զգացմունքի վրա, որը նա կարող է ապրել՝ սիրո։ Մեծ հաշվով, այս ներկայացումը սիրո մասին է՝ ոչ ազատ համակարգում։ Ես այն այսպես եմ հասկանում։
***
 
Վլադիմիր Դարագանով, Փարսոնսի դերակատար
– Ինչպե՞ս կներկայացնեիք Ձեր կերպարը մարդկանց, ովքեր նրա մասին ոչինչ չգիտեն:
– Փարսոնսը գրեթե ուղիղ հեռարձակումն է այն բանի, ինչ Հաննա Արենդտն անվանում էր «չարի բանականություն». նա նման չէ չարագործի, իրեն չարագործ չի պատկերացնում եւ, հնարավոր է, նույնիսկ ընդունակ չէ չարիք տեսնել այն ամենի մեջ, ինչին ծառայում է։
Հենց այդ պատճառով էլ նա սարսափելի է. չարիքը նրա մեջ ոչ թե դիվային է, այլ կենցաղային, կարգապահ, գրեթե բարեխիղճ։
***
Եվգենի Պրոնինին, հեռուստահաղորդավարի դերակատար
– Ի՞նչ պետք է զգա հանդիսատեսը՝ նայելով Ձեր կերպարին:
– Կցանկանայի, որ հանդիսատեսն սկզբում վստահություն զգա։ Հաղորդավարը խոսում է վստահ, համոզիչ, գեղեցիկ։ Բայց աստիճանաբար այդ վստահությունը պետք է փոխարինվի հարցերով։ Ո՞վ է այս մարդը։ Որքանո՞վ ենք մենք պատրաստ հավատալ այն ամենին, ինչ լսում ենք նրան շուրթերից։ 
Ինչպես մեզ կարող են կառավարել բառերի, պատկերների եւ էմոցիաների միջոցով։ Եթե այս հարցերն առաջանան, ուրեմն ես «դիպուկ եմ կրակել»։
***
Թեոնա Դոլնիկովա, Ջուլիայի դերակատար
– Օրուելի վեպում Ջուլիան հիմնականում առեղծված է մնում։ Մենք նրան տեսնում ենք Ուինսթոնի աչքերով։ Դուք ինչպե՞ս բացահայտեցիք նրան Ձեզ համար։ 
– Ջուլիան ինձ համար ազատության, կյանքի եւ սիրո խորհրդանիշն է։ Նա երիտասարդ, համարձակ, էներգիայով լի աղջիկ է, որը խախտում է կանոնները, բայց ոչ թե պարզապես հանուն բողոքի, այլ հանուն ազատության ու ճշմարտության։ 
Նա հենց ինքը բնությունն է եւ ապրում է այնպես, ինչպես հուշում է իր սիրտը։

Leave a comment