Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ կան

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 144-Ն հրամանում։ Դրանով հաստատված կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրերի երաշխավորման գործընթացը, սակայն դրա կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք գործնական խնդիրներ, որոնք պահանջում են կարգավորում։ Մասնավորապես, գործող կարգով սահմանված չէ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնական (այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական) կրթական ծրագրերից դուրս իրականացվող ծրագրերի՝ որպես լրացուցիչ կրթական ծրագրերի իրավական սահմանումը, ինչը գործնականում առաջացնում է կարգի կիրառման և ծրագրերի երաշխավորման գործընթացի հետ կապված իրավական անորոշություն։ Միաժամանակ, հստակ կարգավորված չէ օրացուցային տարվա ընթացքում նախաձեռնվող ծրագրերի ներկայացման ժամկետները։

Գործող կարգով նախատեսված չէ նաև երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրերի ներկայացման առանձին ձևաչափ։ Մինչդեռ գործնականում նախարարություն ներկայացվում են երեխաների և դեռահասների համար իրականացվող սեզոնային դպրոցների և տարբեր ուղղվածության ճամբարային ծրագրեր։ Արդյունքում ծրագրերի բովանդակության, իրականացման պայմանների, անվտանգության ապահովման, կեցության, սննդի կազմակերպման և այլ անհրաժեշտ տեղեկությունների ներկայացումը միասնականացված չէ, ինչը դժվարացնում է ծրագրերի համակողմանի գնահատումը և երաշխավորման գործընթացը։ Նախագծով առաջարկվում է սահմանել սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափ (Ձև 6), որը կապահովի ներկայացվող տեղեկատվության ամբողջականությունը, համադրելիությունը և մասնագիտական փորձաքննության արդյունավետ իրականացումը։

Արդյունքում ակնկալվում է՝ արտադպրոցական ծրագրերի ներկայացման ընթացակարգի կատարելագործում և ճկունության բարձրացում, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրերի նախագծերը ներկայացնել նաև օրացուցային տարվա ընթացքում, սեզոնային դպրոցների և ճամբարային ծրագրերի ներկայացման միասնական ձևաչափի ներդրում։

–00—ՍՊ

Leave a comment