Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

Քաղաքականություն

26.06.2026 | 16:39

Բռնակցված Ղրիմում և Սևաստոպոլում տարածաշրջանային արտակարգ դրություն է սահմանվել։ Ռուսաստանի իշխանությունների կողմից Ղրիմի «ղեկավար» նշանակված Սերգեյ Աքսյոնովի խոսքով՝ այդ որոշումը կայացրել է Սևաստոպոլի «նահանգապետ» Միխայիլ Ռազվոժաևի հետ համատեղ,  գրում է The Insider-ը։

«Որոշումը կայացվել է, առաջին հերթին, տնտեսական հարցերը կարգավորելու համար։ Արտակարգ իրավիճակների իրավական շրջանակը թույլ է տալիս առավելագույնս օպերատիվ լուծել բնակչության կենսապահովման համար պատասխանատու բոլոր ոլորտների կայուն գործունեության հետ կապված խնդիրները»,- ասել է նա։

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ղրիմի օբյեկտներին ու թերակղզու լոգիստիկ ուղիներին անընդհատ հարվածների  հետևանքով առաջացել է վառելիքի և սննդի լուրջ պակաս։ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներին բենզինի վաճառքը լիովին դադարեցվել է։

Սևաստոպոլում և այլ քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում։ Ղրիմ մեկնող գնացքների թիվը կրճատվել է։ «Արտեկ» ճամբարը հրաժարվել է ընդունել նոր հերթափոխի երեխաներին։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Սևաստոպոլում հուլիս և օգոստոս ամիսներին հյուրանոցների ամրագրումները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 43,1%-ով, Ղրիմում անկումը կազմել է 30,9%։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment