Նուբարաշենի երկրորդ փողոցի բնակիչներն ահազանգում են՝ իրենց բնակավայրից մոտ 250-300 մ հեռավորությամբ գործող խոզաբուծարանի տարածքից անտանելի նեխահոտ է հասնում բնակիչներին՝ նրանց անհանգստություն պատճառելով և համաճարակի աղբյուր դառնալով հատկապես ամառվա շոգ օրերին։
Բնակիչներից մեկի տեղեկացմամբ՝ խոզաբուծարանի սպանդանոցում մորթված խոզերի թափոնները՝ կաշին, աղիները, անպիտան ներքին օրգանները լցնում են հատուկ հորած փոսերը և դրանք բաց պահում այնքան, մինչև ամբողջությամբ լցվելը՝ 5-10 օր։ Որից հետո միայն փոսը հողով են լցնում, իսկ այդ ընթացքում ամբողջ նեխահոտը տարածվում է թաղամասով մեկ՝ հատկապես քամոտ ժամերին։
Բնակիչներն ասում են, որ երբեմն այքան ուժգին է լինում հոտը, որ այս շոգին ստիպված փակում են բոլոր պատուհանները, դռները, միայն թե այդ հոտը չշնչեն։ Անհանգստանում են երեխաների համար, քանի որ նման հակասանիտարական պայմաններում կարող են նաև հիվանդությունների բռնկումներ լինել։
MediaHub-ին ահազանգած բնակիչներից մեկն ասաց, որ անգամ փորձել են խոզաբուծարանի աշխատակիցների հետ խոսել, բացատրել իրավիճակը, խոստացել են հարցին լուծում տալ, բայց ոչինչ չի փոխվել։ Իսկ սեփականատերերի հետ հանդիպել չի հաջողվում, քանի որ նրանք այդտեղ չեն լինում։ Ահազանգել են նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, որտեղ նույնպես հուսադրել են, սակայն այդպես էլ որևէ մեկն իրենց չի զանգահարել խնդիրը հստակեցնելու, արձագանքելու համար։ Հիմա որոշել են դիմել լրատվամիջոցներին՝ նրանց միջոցով պատկան կառույցներին հարցը հասու դարձնելու հույսով։
Ահազանգի հետքերով MediaHub-ը կդիմի պատկան կառույցներին՝ պարզաբանումներ ստանալու և նրանց Նուբարաշենի երկրորդ փողոցի բնակիչների խնդիրը փոխանցելու համար։
Թագուհի Ասլանյան