2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը ասաց. «Ոչ մի բնակիչ չկա, ով էլ եղել է, հիմա Վարդենիսում կամ Ակունքում են ապրում: Երբ գարունը բացվի, բնակիչները կգան»:
Ինչո՞ւ չեն բնակվում` ճանապարհները փա՞կ են։ «Երեւի հարմար չի` բուքը շատ է, ճանապարհները փակ են: Ես անձամբ Վարդենիսում եմ բնակվում: 2 տարի է, ինչ այս վիճակն է: Մինչեւ 2020 թիվը 13 ընտանիք բնակվում էր, 20 կանգուն տուն ունենք, մարդիկ հողագործությամբ եւ անասնապահությամբ էին զբաղվում»:
Իսկ համայնքին պատկանող գյուղատնտեսական հողերի ինչ-որ մաս անցե՞լ է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ «Բարձունքներից, որտեղ հսկում են ադրբեջանցիները, ամեն ինչ տեսանելի է: Նույնը մեր սարից է երեւում: 2 սարերի արանքում պոստեր են: Էդ տարածքում մենք վարելահող չունենք, էդտեղ արոտավայր է: Առաջ էդ տարածքները որ կային` մինչեւ սովետի ժամանակվա սահմանը, իրենք առաջ են եկել, բարձրացել են սարը` տեսանելի է: Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: