ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն երեկ Երևանի և մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ նախարարի` ֆեյսբուքի էջով արված հրավերին։
Այցի ընթացքում դպրոցականները Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և հետազոտություններին, զրուցել գիտնականների հետ, ինչպես նաև դիտել գիտական փորձեր։ Սա դպրոցականներին հնարավորություն է տվել անմիջական շփմամբ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին։
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։
Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։
Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այն նախևառաջ նպատակ ունի նպաստելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք Կառավարության ներդրումների արդյունքում տեղի են ունենում գիտության ոլորտում։
«Կարծում եմ՝ մասնագիտական կողմնորշման ամենաարդյունավետ միջոցներից մեկը գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելն է։ Այդ այցերի ընթացքում երեխաները սեփական աչքով կարող են տեսնել՝ ինչ միջավայրում, ինչ սարքավորումներով և ինչ թեմաների ուղղությամբ են աշխատում գիտնականները։ Միաժամանակ, երեխաները կարող են հստակ պատկերացում կազմել գիտության և կյանքի կապի մասին ու տեսնել, թե ինչպես է գիտական գործունեությունը իրական արդյունք տալիս՝ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում։ Այս իմաստով նման այցերը գիտությամբ զբաղվելու հեռանկարը շատ տեսանելի են դարձնում. մեր նպատակն է ամեն կերպ խթանել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ ընտրեն գիտնականի ճանապարհը»,- նշել է նախարարը: