Մեկնարկել է Ցեղասպանության հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ մեկնարկել են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել Հավերժության տաճարի եւս երեք մույթերի հիմնանորոգումը: 
Զուգահեռաբար կմեկնարկեն նաեւ թանգարանային հատվածի նորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ամբողջական ավարտը նախատեսվում է մինչեւ տարեվերջ։
«Ժաննա Անդրեասյանը կարեւորել է աշխատանքների բարձր որակով, պատշաճ եւ սահմանված ժամկետներում իրականացումը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները պահանջում են առանձնահատուկ պատասխանատվություն», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բարեկարգման ծրագրի առաջին փուլն ավարտվել է ս.թ. ապրիլին. հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արեւմտյան եւ արեւելյան մասնաշենքերը, Հավերժության տաճարի մույթերը։ Կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել են մույթերի եւ հուշապատի հիմքերի ջրամեկուսացման աշխատանքներ։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, իսկ մույթերի բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է ժամանակակից հատուկ նյութերի կիրառմամբ։ Փոխարինվել են թիկնամասերի եւ կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ։ Հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է կանաչապատ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։

Leave a comment