Ինտերպոլը Հայաստանում գործողություն է իրականացրել (PAN.am)

Ինտերպոլի համակարգմամբ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 17 երկրում իրականացված գործողության արդյունքում մեծ քանակությամբ ապօրինի զենք է առգրավվել, այդ թվում՝ Հայաստանում։

Եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրներում հրազենի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով անցկացված աննախադեպ լայնածավալ գործողության ընթացքում իրավապահ մարմիններն առգրավել են 2823 միավոր հրաձգային ու թեթև սպառազինություն, մոտ 400 ձեռքի նռնակ և պայթուցիկ նյութ, ինչպես նաև ավելի քան 40 հազար միավոր զինամթերք, հայտնում է Auroranews.am-ն Ինտերպոլի վրա հղումով:

Միջազգային ոստիկանական կազմակերպության համակարգմամբ հունիսի 22-ից հուլիսի 5-ն իրականացված Trigger X գործողությունն ընթացքում 17 երկրում բացահայտվել են զինված հակամարտությունների գոտիներում սպառազինության կուտակումների երկարաժամկետ հետևանքները, որոնք նպաստել են հրազենի ապօրինի շրջանառությանը։

Գործողության վերաբերյալ մինչ այժմ ամփոփված տվյալների համաձայն՝ հայտնաբերված և առգրավված ապօրինի զենքի զգալի հատվածն առնչություն է ունեցել նախկինում կամ ներկայում զինված բախումների գոտի հանդիսացող տարածքների հետ։ Դրանց թվում առանձնացվել են Բալկանյան տարածաշրջանը, Արևելյան Եվրոպան և Լեռնային Ղարաբաղը։

Բացի այդ, Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում հայտնաբերվել ու առգրավվել են խորհրդային արտադրության հրազենի բազմաթիվ նմուշներ, որոնց մի մասը քաղաքացիները կամավոր հանձնել են իրավապահներին։ Գործի առնչությամբ հետաքննական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Leave a comment