Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարել Ադրբեջանի Օրդուբադ քաղաքում անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչել են պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Factor TV-ի հարցին՝ ինչու Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել միջոցառմանը, Փաշինյանը պատասխանել է, որ այդ երևույթն ունի պատճառահետևանքային կապեր, սակայն ընդգծել է, որ նույնքան անընդունելի է համարում նաև Հայաստանում Ղարաբաղյան շարժումը շարունակելու փորձերը։

«Դա ընդունելի չէ, բայց նույն կերպ ընդունելի չեն նաև Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

Հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել, Փաշինյանը նշել է, որ լուծումը տեսնում է երկկողմ մոտեցման մեջ։ Նրա խոսքով՝ պետք է դադարեցվեն ինչպես Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության առաջմղման փորձերը, այնպես էլ Հայաստանում Ղարաբաղյան շարժումը շարունակելու գործողությունները։

Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում քաղաքացիներից նամակներ է ստանում այդ թեմայով։ Նրա խոսքով՝ մարդիկ ուշադրություն են հրավիրում Ազգային ժողովում Արցախի դրոշների առկայության, ինչպես նաև տարբեր քաղաքական ելույթներում հնչող ձևակերպումների վրա, որոնք, ըստ նրանց, շարունակում են նախկին քաղաքական գիծը։

Վարչապետը խոստովանել է, որ նման արտահայտություններ երբեմն հանդիպում են նաև իշխանության ներկայացուցիչների, անգամ իր սեփական խոսույթում՝ տարիների ընթացքում ձևավորված քաղաքական և հանրային իներցիայի հետևանքով։

«Էդ իներցիան 30 տարի մեր մեջ պտտվել է, հեշտ չէ։ Մարդիկ դա ասում են՝ չնկատելով։ Նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից դուրս են»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կարևոր է, որ այժմ այս թեմաների շուրջ հնարավոր է բաց քննարկում ծավալել, և այդ խոսակցությունը պետք է շարունակվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment