ԱՄՆ նախագահին Իրանի դեմ ռազմական գործողություններում զինված ուժեր կիրառելն արգելող համատեղ բանաձևի ընդունումից ընդամենը մեկ օր անց, ամերիկյան Սենատը համանման մեկ այլ նախաձեռնություն է տապալել։ Սենատի հանրապետական մեծամասնության այս քայլն արժանացել է երկրի ղեկավար Դոնալդ Թրամփի գովասանքին։
Քվեարկության վերջնական արդյունքներով՝ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 47 սենատոր, դեմ՝ 50-ը, իսկ հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ձեռնպահ է մնացել։
Լրատվամիջոցները նկատում են, որ Սենատն այսպիսով դադարեցրել է նախագահի գործողությունների քննադատությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել սենատորներին, այդ թվում՝ նախորդ բանաձևին կողմ քվեարկած չորս հանրապետականներին։
Թրամփը, «Truth Social» սոցիալական ցանցում մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հիշատակել է նաև Ռենդ Փոլի ու սենատոր Բիլ Քեսիդիի դիրքորոշման փոփոխությունը և շնորհակալություն հայտնել հանրապետականներին։
«Այս քվեարկությունը նախազգուշացում է Իրանին»,- գրել է Թրամփը։