ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրություններում գործող հայկական ընկերությունները ՏՏ ոլորտում աշխատելու արտոնություններ կստանան։ Այս մասին ասված է «Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում, որն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ և կներկայացվի ԱԺ–ի վավերացմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարին Աբու Դաբիում՝ Եվրասիական միության և ԱՄԷ միջև տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակում։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանն ու ԱՄԷ–ն միմյանց ընկերությունների համար մի շարք ոլորտներում արտոնյալ հասանելիություն կբացեն դեպի իրենց շուկաներ։
Հայկական կողմից ԱՄԷ ընկերությունների համար նախատեսված է պարզեցված մուտք գյուղատնտեսության, ճարտարագիտության, առողջապահության, կրթության ոլորտներում:
Էմիրությունների կողմից հայաստանյան ընկերությունների համար նախատեսվում են արտոնություններ ՏՏ, հեռահաղորդակցության, սարքերի վերանորոգման, ինչպես նաև իրավաբանական ծառայությունների, աուդիտի և շինարարության ոլորտներում ծառայությունների համար: