Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։

Օմանի միջնորդական դերակատարումը և կողմերի միջև առայժմ անուղղակի շփումը կրկին ցույց են տալիս, որ նրանք դեռ պատրաստ չեն ուղիղ քաղաքական երկխոսության, սակայն նաև չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները։

Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում», ինչը կրկին հաստատվել է Իրանի արտգործնախարարի այն հայտարարությամբ, թե քննարկվել է միայն միջուկային խնդիրը։

Օմանի ներգրավվածությունը ոչ միայն տեխնիկական միջնորդություն է, այլ յուրատեսակ «բուֆեր», որի միջոցով կողմերը փոխանակում են ազդակներ՝ առայժմ փորձելով չափել միմյանց դիմադրողականությունն ու քաղաքական կամքը։

Այս գործընթացը պետք է դիտարկել տարածաշրջանային լարվածության, ուժերի վերադասավորման և փոխադարձ զսպման համատեքստում, իսկ այսօրվա բանակցությունները ավելի շատ միմյանց դիրքորոշումները շոշափելու և հասկանալու փորձ էր, որի արդյունքները պետք է փոխանցվեն Թեհրան և Վաշինգտոն՝ հետագա որոշումների կայացման համար։

Հիմնական հարցը, սակայն, մնում է բաց՝ արդյո՞ք այս միջնորդական ձևաչափը կարող է վերածվել գործնական արդյունքի, թե կսահմանափակվի միայն լարվածության կառավարմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment