Վահագն Խաչատուրյանը և Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

Վահագն Խաչատուրյանը և Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը կարևորել է հանձնաժողովի դերը երկրի տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման գործում՝ ընդգծելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների պայմաններում էներգետիկ ոլորտի կայուն, կանխատեսելի և արդյունավետ գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի զարգացման, էներգետիկ անկախության ամրապնդման և ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևոր է հանձնաժողովի հետևողական ու համակարգված աշխատանքը։

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հանրապետության նախագահին ներկայացրել հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, ոլորտում իրականացվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։

Նա անդրադարձել է էներգետիկ համակարգում առկա ընդհանուր իրավիճակին, ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը էներգետիկ շուկաների վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության և հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացման հետ կապված խնդիրները։

Մտքեր են փոխանակվել նաև արագ փոփոխվող աշխարհում էներգետիկ ոլորտի զարգացման միտումների, էներգետիկ անվտանգության ամրապնդման և ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղությունների շուրջ։ 

Leave a comment