«1000 օր»․ Շերմանն ու Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսում պահանջել են ազատ արձակել հայ պատանդներին

«1000 օր»․ Շերմանն ու Հայ դատի հանձնախումբը Կոնգրեսում պահանջել են ազատ արձակել հայ պատանդներին (տեսանյութ)

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրել են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000-րդ օրվա կապակցությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին մասնակցել է Արամ Համբարյանը։

Հատկանշական է, որ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։

Ասուլիսի ընթացքում քննարկվել են նաև 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ այլ օրենսդրական առաջարկներ։

Մամուլի ասուլիսի խորագիրն էր՝ «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։

Leave a comment