Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում

Քաղաքականություն

23.06.2026 | 23:13

Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 23-ին շարունակվել է Արցախի  ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  դատական նիստում, որն անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ, հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ իրենց տիրապետած լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար։​Նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Սկզբում խոսքը տրվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է մեկ շաբաթ առաջ սկսված իր պաշտպանության ելույթը և ներկայացրել իր մտքերը։ Մնացականյանը խնդրել է  դատարանին որոշում կայացնելիս հաշվի առնել  մեղադրական կողմի ներկայացրած տեսագրությունները և փաստերը։ Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Այնուհետև հանդես է եկել  Էրիկ Ղազարյանի փաստաբանը։ Նա նշել է, որ իր պաշտպանյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել և աջակցում է դրան։ Այնուհետև ելույթ ունեցող Էրիկ Ղազարյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում և կրկնել իր փաստաբանի արտահայտած դիրքորոշումը։

Հետո ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանի փաստաբանը և հայտարարել, որ անհրաժեշտ է մեղմացնել իր պաշտպանյալի դեմ մեղադրանքները։ Այնուհետև ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանը։ Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

Հայ մեկ այլ գերի Լևոն Բալայանի փաստաբանը խնդրել է դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Լևոն Բալայանը հայտարարել է , որ համաձայն է իր փաստաբանի ելույթի հետ։ Գուրգեն Ստեփանյանի պաշտպանն էլ  դատարանին խնդրել է  չեղյալ համարել նրա դատավճիռը և  կայացնել արդարացման դատավճիռ։ Գուրգեն Ստեփանյանը հայտարարել է, որ համաձայն է փաստաբանի ելույթի հետ և իրեն մեղավոր չի ճանաչում։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment