Քաղաքականություն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 23-ին շարունակվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստում, որն անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ, հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ իրենց տիրապետած լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար։Նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։
Սկզբում խոսքը տրվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է մեկ շաբաթ առաջ սկսված իր պաշտպանության ելույթը և ներկայացրել իր մտքերը։ Մնացականյանը խնդրել է դատարանին որոշում կայացնելիս հաշվի առնել մեղադրական կողմի ներկայացրած տեսագրությունները և փաստերը։ Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Այնուհետև հանդես է եկել Էրիկ Ղազարյանի փաստաբանը։ Նա նշել է, որ իր պաշտպանյալը վերաքննիչ բողոք է ներկայացրել և աջակցում է դրան։ Այնուհետև ելույթ ունեցող Էրիկ Ղազարյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում և կրկնել իր փաստաբանի արտահայտած դիրքորոշումը։
Հետո ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանի փաստաբանը և հայտարարել, որ անհրաժեշտ է մեղմացնել իր պաշտպանյալի դեմ մեղադրանքները։ Այնուհետև ելույթ է ունեցել Գարիկ Մարտիրոսյանը։ Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Հայ մեկ այլ գերի Լևոն Բալայանի փաստաբանը խնդրել է դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Լևոն Բալայանը հայտարարել է , որ համաձայն է իր փաստաբանի ելույթի հետ։ Գուրգեն Ստեփանյանի պաշտպանն էլ դատարանին խնդրել է չեղյալ համարել նրա դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։ Գուրգեն Ստեփանյանը հայտարարել է, որ համաձայն է փաստաբանի ելույթի հետ և իրեն մեղավոր չի ճանաչում։
Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի