ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով


ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի դրանից՝ դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին (Իշխան Սաղաթելյան-խմբ.) և Լ.Խ.-ին (Լիանա Խաչատրյան-խմբ.)  սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:


Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Ի.Ս.-ն հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։


2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:


Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:


Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով:


Նշված քրեական վարույթները միացվել են:


2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:


Նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դիտումների քանակ51

Leave a comment