Տեղից բարբաջում և ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք առհասարակ իրավունք չունեն. Փամբուխչյանը՝ ծեծկռտուքի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այս մշակույթը բերում է ընդդիմությունը, ովքեր տարրական հարգանք չունեն և տեղից բարբաջում են, տեղից ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք առհասարակ իրավունք չունեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ նման ռեպլիկներն անթույլատրելի են. «Անգամ մեզ ամենասուր քննադատելու դեպքում, երբ ամբիոնից է արվում, մենք լուռ լսում ենք, այնուհետև ամբիոնից պատասխանում ենք, բայց իրենց մոտ սովորույթ կա, որ որևէ մեկն իրենց հասցեին փոքր քննադատություն է հնչեցնում, տեղից սկսում են գոռգոռալ և սկսում են լռեցնել բանախոսին, մենք դա թույլ չենք տալու: Ես հորդորեցի, էլի տեղից ռեպլիկներ արեց, ես դուրս հրավիրեցի: Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, որի համար ներողություն եմ խնդրում: Երբ կրքերը բորբոքվում են, մի փոքր անկառավարելի վիճակ է ստեղծվում, բայց վիճակն ինչ-որ մի պահից սկսած՝ կառավարելի դարձավ»:
Փամբուխչյանը նշեց, որ ընդդիմության մի հատվածը, մասնավորապես՝ «Մայր Հայաստան»-ը, արդեն ոչ լեգիտիմ ներկայացուցիչ է Երևանի ավագանիում. «Իրենք, չհամակերպվելով իրենց պարտության և ժողովրդի հաղթանակի հետ, փորձում են որոշակի մանիպուլյատիվ գործողություններ իրականացնել, որպեսզի սրեն իրավիճակը կամ փորձեն լռեցնել այս կամ այն ելույթ ունեցող ավագանու անդամին: Ես ամեն ձև փորձեցի, ասեցի՝ լռեք, այնուհետև, երբ տեղից որոշակի արտահայտություններ արեցին, իմ նյարդերը ևս տեղի տվեցին՝ ասեցի դուրս եկեք»: