ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է

Քաղաքականություն

23.06.2026 | 12:55

ՌԴ Սվերդլովսկի մարզում հունիսի 22-ի երեկոյան փոթորիկը վնասել է տներ և էլեկտրահաղորդման գծերի հենարաններ։ Ամենաշատը տուժել է Կուշվա քաղաքը. այնտեղ արտակարգ դրություն է հայտարարվել, գրում է Meduza-ն։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ եղանակային վատ պայմանների պատճառով վնասվել է 99 մասնավոր բնակելի տուն, որոնցից 32-ն ամբողջությամբ ավերվել է, ինչպես նաև 25 ավտոմեքենա և 15 էլեկտրահաղորդման գիծ։

16 մարդ վիրավորվել է, որոնցից մեկը՝ նախաբազկի կոտրվածքով, Կուշվայից տեղափոխվել է Նիժնի Տագիլ, իսկ մյուսները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում։ Քաղաքում ստեղծվել է 50 մարդու համար ժամանակավոր կացարան։

Կուշվայում անջատվել է էլեկտրաէներգիան։ Կարևորագույն օբյեկտները միացվել են պահեստային համակարգերին, էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես սպասվում է, լիովին կվերականգնվի հունիսի 23-ի երեկոյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment