«Հրապարակի» զրուցակիցն իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանն է։
– Որքանո՞վ է հեռանկարային երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին դիմելը, երբ հայտնի են դրա կազմը, դրա ուղիղ կախվածությունը գործող ռեժիմից։ Արդյո՞ք կռահելի չէ ՍԴ-ի որոշումը, որը հարցը քննարկելու է հունիսի 26-ի նիստում։ Այսինքն՝ իշխանությունների «գործիք» հանդիսացող ՍԴ-ն օրինական կհամարի ընտրությունների արդյունքները։
– Հետաքրքիր հարց եք բարձրացնում: Մենք հաճախ ենք լսում դիտողություններ՝ մի՞թե արդյունք եք ակնկալում, որ դիմում եք այս կամ այն ատյանին։ Եթե արդյունքը համարում ենք հիմնավորված դիմումը բավարարելը, ապա այդպիսի ակնկալիք ունենալը միամտություն է, բայց ողջ խնդիրն այն է, որ վիճարկելը ոչ միայն զուտ իրավական, այլեւ քաղաքական կարեւոր քայլ է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ նաեւ այդպես է բացահայտում իր իրական դիրքորոշումը, նպաստում է մարդկանց իրավական ինքնագիտակցության առողջացմանը, հանրային սթափ ու ճշգրիտ իրավաքաղաքական մշակույթի ձեւավորմանը՝ հիմքեր ստեղծելով հետագա քաղաքական գործընթացների համար։ Թերեւս, հենց այս առումով էի նախորդիվ անդրադարձել ընտրությունների արդյունքների հետ հաշտ մյուս քաղաքական ուժերին։ Այդ հարթակներում կարեւոր իրավական հարցադրումների քննարկումն առավել տեսանելի է դարձնում նաեւ այն, թե ինչ չափով են համապատասխանում դատական իշխանության անկախության վերաբերյալ իշխանական թեզերը, որքանով են իրատեսական ոչ միայն իշխանությունների բաժանման, այլեւ դրանց հակակշռման լծակները։ Կոնկրետ այս իրավիճակում չեմ բացառում, որ ՍԴ-ն կայացնի դիմումը մասնակի բավարարելու որոշում, բայց նպատակահարմար չեմ գտնում խոսել դրա մասին։
– Փաշինյանն օրերս հայտարարեց, որ եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը չվերցնեն մանդատները, ապա իշխող թիմը դիմելու է ՍԴ, որպեսզի մանդատներն անցնեն այլ ուժերի: Ակնարկեց՝ դրանով իսկ ԱԺ-ն կունենա բացարձակ լեգիտիմ կազմ։ Այս ապօրինություններն ի՞նչ հանգրվանի կբերեն հետընտրական Հայաստանին, ճգնաժամի նախանշաններ չկա՞ն։
– Մենք դարձյալ վերադարձանք այն խնդրին, թե որքանով է կայացած դատական իշխանությունը, ցավոք, այդ հայտարարությունից մեկ անգամ եւս ուղղակի բխում է, որ ՍԴ որոշումները կանխատեսելի են իշխանության պարագայում, թեպետ՝ այդպիսի դիմումն ընդհանուր աղերսներ չունի Սահմանադրության հետ։ Դա նաեւ գործնական առումով անհեռանկար քայլ է, քանզի խորհրդարան անցած քաղաքական ուժերն այդպիսի զարգացումներն ինչ-որ մի փուլում կարող են հանգիստ կանխարգելել, ինչին եւս չարժե առայժմ անդրադառնալ։ Բոլոր դեպքերում ողջունելի է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն տրվում սադրանքների եւ նախընտրում են բացառապես իրավաչափ միջոցները։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: