Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունիսի 13-17-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանաչ տնտեսության զարգացման, կլիմայական քաղաքականությունների, կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, նախագահության առաջնահերթությունները և կազմակերպչական գործընթացները՝ ընդգծելով Հայաստանի դերակատարությունը կենսաբազմազանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։
Արամ Մեյմարյանը մասնակցել է նաև կանաչ տնտեսության պլանավորմանը նվիրված կլոր սեղան քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանում կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, ազգային «կանաչ տաքսոնոմիայի» ներդրումը, ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև կայուն տրանսպորտի և շրջանաձև տնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները։
Առանձին քննարկումների շրջանակում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի և ՏՀԶԿ-ի միջև ջրային ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում ձևավորված համագործակցության արդյունքները, ջրային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները և ոլորտի հետագա զարգացման առաջնահերթությունները։
Հանդիպման կարևոր արդյունքներից էր «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի նոր ղեկավար կազմի ընտրությունը, որի արդյունքում Գերմանիան ընտրվել է նախագահող երկիր, իսկ Հայաստանը և Ուզբեկստանը՝ փոխնախագահող երկրներ (Vice-Chairs)։ Այս որոշումը վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և միջազգային գործընկերների վստահության մասին՝ տարածաշրջանում կանաչ անցման և կայուն զարգացման օրակարգի առաջմղման գործում։
Դիտումների քանակ4