Սակստատի 2024 թվականի մարդահամարի արդյունքները հնարավորություն են տալիս տեսնել ոչ միայն Վրաստանի բնակչության ընդհանուր թվաքանակը, այլև երկրի տարբեր շրջաններում ընթացող խորքային ժողովրդագրական գործընթացները։
Տասը տարվա ընթացքում Վրաստանի բնակչությունն աճել է 215 777 մարդով և հասել 3 929 581-ի։ Սակայն այդ աճը չափազանց անհավասար է բաշխվել։ Փաստացի ժողովրդագրական աճը կենտրոնացել է մի քանի շրջաններում, մինչդեռ վարչական միավորների մեծ մասը շարունակել է բնակչություն կորցնել։
Թբիլիսիի բնակչությունը աճել է 222 768 մարդով կամ 20,1%-ով՝ հասնելով 1 331 485 բնակչի։ Հատկանշական է, որ մայրաքաղաքի բնակչության աճը նույնիսկ գերազանցել է երկրի ամբողջ բնակչության ընդհանուր աճը։
Աջարիան դարձել է Վրաստանի ամենաարագ աճող շրջանը։ Տասը տարվա ընթացքում ինքնավար հանրապետության բնակչությունն ավելացել է 68 976 մարդով կամ 20,7%-ով՝ հասնելով 402 929-ի։ Աճի հիմնական շարժիչ ուժը Բաթումն է, որտեղ բնակչությունն աճել է միանգամից 54,2%-ով։
Հատուկ ուշադրության է արժանի Քվեմո Քարթլին, որտեղ կոմպակտ բնակվում է Վրաստանի ադրբեջանական համայնքի մեծ մասը։
Մարդահամարի տվյալներով՝ շրջանի բնակչությունը 423 986-ից աճել է մինչև 441 630 մարդ, ինչը նշանակում է 17 644 մարդու կամ 4,2% աճ։
Սա Քվեմո Քարթլին դարձնում է երկրի այն քիչ շրջաններից մեկը, որտեղ պահպանվել է կայուն ժողովրդագրական աճ։
Ցուցանիշային է նաև այն, որ ամբողջ Վրաստանի մասշտաբով ադրբեջանցիների թվաքանակն աճել է 15,4%-ով՝ հասնելով 268 832-ի։
Այս դինամիկան Քվեմո Քարթլին առանձնացնում է երկրի շրջանների մեծ մասի ֆոնին և վկայում տարածաշրջանի ժողովրդագրական բարձր ներուժի պահպանման մասին։
Ի տարբերություն Քվեմո Քարթլիի՝ Սամցխե-Ջավախեթին, որտեղ բնակվում է Վրաստանի հայ բնակչության հիմնական մասը, արձանագրել է բնակչության թվաքանակի նվազում։
Տասը տարվա ընթացքում շրջանի բնակչությունը 160 504-ից նվազել է մինչև 155 282 մարդ։ Կորուստը կազմել է 5 222 մարդ կամ 3,3%։
Միաժամանակ, այս նվազումը զգալիորեն փոքր է եղել, քան Վրաստանի մի շարք այլ շրջաններում։ Համեմատության համար՝ Գուրիայում բնակչությունը կրճատվել է 9,7%-ով, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 7,6%-ով, իսկ Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում՝ 6,8%-ով։
Այսպիսով, մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ Վրաստանի ժողովրդագրական աճը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքում, Աջարիայում և Քվեմո Քարթլիում, մինչդեռ երկրի շրջանների մեծ մասը շարունակում է բախվել բնակչության կրճատման և միգրացիոն արտահոսքի խնդիրներին։
Սեռատարիքային վիճակագրություն
Տղամարդիկ՝ 47,9% (1,88 մլն մարդ)
Կանայք՝ 52,1% (2,05 մլն մարդ)
65 և բարձր տարիքի բնակչության բաժինը հասել է 17,6%-ի
Մինչև 14 տարեկան երեխաները կազմում են բնակչության 19,6%-ը
Քաղաքացիություն
Վրաստանում մշտապես բնակվում են՝
Վրաստանի քաղաքացիներ՝ 3 775 415 մարդ (96,1%)
Օտարերկրյա քաղաքացիներ՝ 133 857 մարդ
Օտարերկրյա քաղաքացիների թվում ամենամեծ խմբերն են՝
• Ռուսաստանի քաղաքացիներ՝ 37 715
• Հնդկաստանի քաղաքացիներ՝ 23 925
• Ուկրաինայի քաղաքացիներ՝ 11 542
• Ադրբեջանի քաղաքացիներ՝ 8 309
• Հայաստանի քաղաքացիներ՝ 5 381
Ազգային կազմ
• Վրացիներ՝ 3 304 075 մարդ (84,1%)
• Ադրբեջանցիներ՝ 268 832 մարդ (6,8%)
• Հայեր՝ 169 296 մարդ (4,3%)
2014 թվականի համեմատ՝
ադրբեջանցիների թիվն աճել է 15,4%-ով
հայերի թիվն աճել է 0,7%-ով
Կրոն
2024 թվականի մարդահամարի տվյալներով՝
• Ուղղափառ քրիստոնյաներ՝ 3 223 206 մարդ (82,0%)։ Նրանց թիվը 2014 թվականի համեմատ աճել է 4,1%-ով, սակայն ընդհանուր բնակչության մեջ բաժինը նվազել է 83,4%-ից մինչև 82,0%։
• Մուսուլմաններ՝ 437 458 մարդ (11,1%)։ Նրանց թիվն աճել է 9,7%-ով։
• Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ՝ 101 736 մարդ։ Նրանց թիվը 2014 թվականի համեմատ նվազել է 6,7%-ով։ Եթե 2014 թվականին նրանց թիվը կազմում էր 109 041 մարդ, ապա 2024 թվականին՝ 101 736 մարդ։
• Կաթոլիկների թիվը գրեթե չի փոխվել և կազմել է 19 593 մարդ:
• Եհովայի վկաներ-ի հետևորդների թիվը նվազել է 13%-ով և կազմել 10 787 մարդ։
Մայրենի լեզու
• Վրացերենը մայրենի լեզու է համարում 3 343 987 մարդ (85,1%)։ Նրանց թիվն աճել է 2,7%-ով, սակայն բաժինը նվազել է 87,6%-ից մինչև 85,1%։
• Ադրբեջաներենը մայրենի է համարում 265 534 մարդ (6,8%)։ Նրանց թիվն աճել է 14,7%-ով։
• Հայերենը մայրենի լեզու է նշել 139 438 մարդ (3,5%)։ Այս ցուցանիշը նվազել է 3,7%-ով։
• Ռուսերենը մայրենի է համարում 54 460 մարդ, ինչը 18,6%-ով ավելի է, քան 2014 թվականին։
• Օսերեն խոսողների թիվը նվազել է 32,6%-ով։
• Աբխազերեն խոսողների թիվն աճել է 36,0%-ով։
Հետաքրքիր դիտարկում
Չնայած այն հանգամանքին, որ էթնիկ վրացիների թիվն աճել է 2,5%-ով, իսկ վրացերենը մայրենի համարողների թիվը՝ 2,7%-ով, նրանց բաժինը երկրի ընդհանուր բնակչության կազմում նվազել է։ Սա պայմանավորված է նրանով, որ բնակչության ընդհանուր աճն ավելի արագ է տեղի ունեցել միգրացիայի և այլ ազգային ու լեզվական խմբերի թվաքանակի աճի հաշվին։
Նման միտում է նկատվում նաև կրոնական կառուցվածքում․ ուղղափառների ընդհանուր թիվն աճել է, սակայն նրանց բաժինը երկրի բնակչության կազմում փոքր-ինչ նվազել է։
Աղբյուրը՝ vectornews.ge-ի