Սամվել Մարտիրոսյան․ Այս տրանզիտը Ադրբեջանին է պետք, նա է մեզանից կախվածության մեջ հայտնվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օպտիկամանրաթելային մալուխներով ուղիղ կապն Ադրբեջանին անհրաժեշտ է առնվազն այնքան, որքան Հայաստանին։ Սոցցանցերում իր տեսաուղերձում այս մասին հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երկու երկրների միջև ինտերնետ կապի տրանզիտի հաստատման մասին լուրերին։

Հայկական կողմից կապն ապահովելու է «Telecom Armenia» (Team) օպերատորը։

Փորձագետի խոսքով՝ եթե երկաթգծով ապրանքների տարանցման պարագայում հայկական կողմն ավելի մեծ կախվածություն ունի, քանի որ ապրանքները հիմնականում ներկրվում են Հայաստան, այլ ոչ թե արտահանվում այստեղից, ապա օպտիկական մալուխների դեպքում իրավիճակը, որոշ իմաստով, այլ է։ Բանն այն է, որ ինտերնետի տարանցումն Ադրբեջանին նույնպես պետք է՝ Նախիջևանի հետ կապն ապահովելու համար։ Հայաստանին էլ իր հերթին ձեռնտու է ինտերնետ կապի ևս մեկ պահուստային երթուղի ունենալը։

«Հայաստանի տարածքով կանցնի Ադրբեջանի հետ կապված միանգամից երկու օպտիկական մալուխ։ Ավելի վաղ «Telecom Armenia» ընկերությունն արդեն հայտնել էր, որ Հայաստանի տարածքով անցնող օպտիկամանրաթելային մայրուղային մալուխներում հայկական տրաֆիկը կազմում է ընդամենը 10-15%։ Ընկերությունն ակտիվորեն զբաղվում է միջազգային տրաֆիկի տարանցմամբ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի երկրներից»,— նշել է Մարտիրոսյանը։

Այժմ, ինչպես մատնանշել է մեդիափորձագետը, Հայաստանը կարող է ներգրավվել նաև Արևելք-Արևմուտք տարանցիկ միջանցքում։ «Որովհետև այժմ արդեն Ղազախստանն էլ է սկսելու տրաֆիկ անցկացնել Հայաստանի տարածքով»,— պարզաբանել է նա։

News.am

Leave a comment