Քաղաքականություն
22.06.2026 | 22:34
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը 60 օրով ժամանակավոր լիցենզիա է տրամադրել, որը թույլատրում է իրանական նավթի արտադրությունը, մատակարարումը և վաճառքը։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, գրում է Current time-ը։
«Շվեյցարիայում ընթացող արդյունավետ բանակցություններին համապատասխան՝ Իրանը պարտավորվել է ապահովել ազատ և բաց տարանցում Հորմուզի նեղուցում և թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը երկիր»,- գրել է նա։
Լիցենզիան տրամադրվել է հունիսի 17-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն։ Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պարտավորվում է ստորագրման պահից թույլտվություն տրամադրել իրանական նավթի, նավթամթերքի և դրանց հետ կապված ծառայությունների արտահանման համար։
Ստորագրված փոխըմբռնման հուշագիրը պարունակում է 14 կետ: Անմիջապես ուժի մեջ է մտնում հրադադար բոլոր ճակատներում (ներառյալ՝ Լիբանանը, որտեղ Իսրայելը գործողություններ է իրականացնում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ի դեմ), ինչպես նաև Հորմուզի նեղուցի անսահմանափակ բացումը հաջորդ 60 օրվա ընթացքում և Իրանի դեմ ծովային շրջափակման աստիճանական վերացումը։
Փաստաթղթում Իրանը հաստատում է, որ «երբեք չի արտադրի միջուկային զենք»։ Կողմերը համաձայնության են եկել, որ միջուկային ծրագրին վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ հարստացված ուրանի ճակատագիրը, կլուծվեն վերջնական համաձայնագրում, որին նրանք ակնկալում են հասնել 60 օրվա ընթացքում։ Այս ընթացքում կմշակվի նաև Հորմուզի նեղուցի գործունեության մեխանիզմ։
Իրանական նավթը նախկինում գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների ներքո։ Այս տարվա մարտին, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը ժամանակավոր 30-օրյա լիցենզիա էր տրամադրել նավերի վրա պահվող իրանական նավթը վաճառելու համար՝ փորձելով իջեցնել գները, որոնք դրանք բարձրացել էին մեկ բարելի համար 100 դոլարից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի